ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ
Հայաստանի գրողների միությունը 2019 թ. հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպելու է միջազգային Թարգմանչաց տոն: Հրավիրվել են տասը գրող և թարգմանիչ տարբեր երկրներից: Այն տեղի է ունենալու Երևանում, Օշականում, Ծաղկաձորում և Գյումիրում: Մասնակիցները կներկայացնեն իրենց ստեղծագործություններն ու թարգմանությունները:
Թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական հնագույն տոներից է, որ նշվում է հոկտեմբեր ամսին: Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը 5-րդ դարում, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սուրբ թարգմանչաց տոն» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը:
1970-1980 թթ. Հայաստանի գրողների միությունը միջազգայնացրեց այդ տոնը: Հրավիրվում էին թարգմանիչներ ու բանաստեղծներ տարբեր երկրներից: 2005 թ.-ից վերականգնվեց տոնը և ամեն տարի տոնի ընթացքում ՀԳՄ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ «Կանթեղ» մրցանակ է տրվում հայ և օտարերկրացի լավագույն թարգմանիչներին, ովքեր համաշխարհային գրականություն են թարգմանել հայերեն կամ հայ գրականություն այլ լեզուներով: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ այն վայրում, ուր ամփոփված է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը: Այս տարի առաջին անգամ 21-րդ դարում կշարունակվի անցյալ դարի միջազգային տոնակատարության ավանդույթը: