ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՕՇԱԿԱՆՈՒՄ
Թարգմանչաց տոնը Օշականում
Հոկտեմբերի 12-ին Օշականում նշվեց Թարգմանչաց տոնը: Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցում գրողներն ու թարգմանիչները մասնակցեցին Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված պատարագին և ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Եկեղեցու դպրատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակների հանձնումը: Այն սկսվեց Տեր Գարեգին քահանա Արսենյանի օրհնությամբ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ «նշանավորելով ժամանակակից թարգմանիչներին, մենք մեր տուրքն ենք մատուցում առաջին թարգմանիչներին: Առանց նրանց թարգմանած գրքերի, առանց «Աստվածաշնչի» թարգմանության մենք լիարժեք գրականություն չէինք կարող ունենալ: «Կանթեղ» մրցանակը միջազգային համարում ունի, քանի որ նրանով պարգևատրվել են շատ հայտնի թարգմանիչներ, որոնք հայ գրականություն են թարգմանել»: Այնուհետև Է.Միլիտոնյանը մրցանակները հանձնեց թարգմանիչներին: Հենրիկ Բախչինյանին մրցանակ շնորհվեց ֆրանսերենից հայերեն թարգմանական վաստակի համար: Սերգեյ Մկրտչյանին մրցանակը տրվեց ֆրանսերենից և անգլերենից հայերեն թարգմանական վաստակի համար: Ուկրաիներենից հայերեն և հայերենից ուկրաիներեն թարգմանությունների համար մրցանակ տրվեց Անուշավան Մեսրոպյանին, որը հանձնվեց նրա քրոջը՝ Կարինե Մեսրոպյանին, քանի որ Ուկրաինայում պատերազմի պատճառով նա չէր կարողացել ներկա լինել մրցանակաբաշխությանը: Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին ստացած մրցանակների համար: Իրենց թարգմանություններն ընթերցեցին Լևոն Բլբուլյանը, Բաբկեն Սիմոնյանը, Գագիկ Դավթյանը, Շանթ Մկրտչյանը, Արևշատ Ավագյանը, Արտավազդ Նազարյանը և Հերմինե Նավասարդյանը: Նինո Սպանդերաշվիլին ընթերցեց իր բանաստեղծությունները վրացերեն լեզվով, իսկ Տիգրան Գաբոյեանն՝ իր բանաստեղծությունների արաբերեն թարգմանությունը: