« … զվարթ արևով, զնգուն գույներով և լեզվի ղողանջներով…»

                          « … զվարթ արևով, զնգուն գույներով և լեզվի ղողանջներով…»

          Ինչպես ամեն տարի նոյեմբերի 27-ին, այս տարի ևս Հայաստանի գրողների միությունը, Եղիշե Չարենցի տուն թանգարանը և մեծ բանաստեղծի անունը կրող դպրոցն այցելեցին Եղիշե Չարենցի հուշարձանին՝ ոգեկոչելու հիշատակը մեծ բանաստեղծի:

       «Ցավոք, Չարենցը գերեզման չունեցավ, բայց այսօր մենք ունենք այս հուշարձանը, որտեղ գալիս ենք ու ծաղիկներ խոնարհում,- ասաց բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը և ապա  հավելեց.- 1937-ին՝ իր ծննդյան 40-ամյա տարեդարձի օրը, նա գրեց. «…և այսպես, ահա ես – 25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետո՝ ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը – մենա՜կ ու հալածական՝ պոետ աքսորյալ սեփական հայրենիքում՝ հերկի եզերքին հայրենական երգի՝ ամայացած դաժանագույն եռանդով սեփական նախարարների և պետերի՝ հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո»:     Բայց այսօր նրա կողքին է իր  սիրած հայ ժողովուրդը, և Չարենցը կապրի այնքան ժամանակ, քանի կա հայ ժողովուրդը…»:

     Եվ չնայած ուշ աշնան անձրևին ու ցրտին՝ չարենցյան անմահ տողեր էին թևածում մեծ բանաստեղծի անունը կրող դպրոցի սաների շուրթերից .

   Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

  Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

 Եվ թող տեսնեն  ի՛մ  աչքերի մեջ կախվածի,

Իմ բո՛րբ  երկիր, լուսապսակ  քո ապագան:

Եվ այս՝ «Մահվան տեսիլ» բանաստեղծության մասին Չարենցյան տարում՝ 1997 թվականի ապրիլին, Հրանտ Մաթևոսյանը գրել է. «Հուսամ, որ իմ մեջ նվում է հեռավոր քսանականների ո՛չ կարոտախտը, այլ միայն մաքուր հիացումը, հիացումը հայրենիքի որդիների այդ մեծ նվիրումի առջև, հայրենիքի համար մինչև վերջ այրվելու, ողջակիզվելու այդ սրբազան ինքնազոհաբերումը, հիացումը այդ Ալեքսանդր Մյասնիկյանի, Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Եղիշե Չարենցի, որոնցից յուրաքանչյուրը կարող էր մի մեծ ազգի զենք ու զարդ լինել, – նրանց այդ փառահեղ կոհորտի առջև:

             Մեր սև տարիների յոթնամյակը մեզ անհայրենիք գնչուության էր դատապարտել, և միայն հայրենիքի զոհասեղանին այս հողի, լեզվի ու պատմության լավագույնը դնելով էր չքացումից կենդանության կոչվելու այս Հայաստանը: Նրանք այդ լավագույնն էին:

Գորշ, չարացած և խեղճ, մտքով, վարքով, լեզվով անհատակ խեղճ իրենց ժամանակը նրանք լեցրին զվարթ արևով, զնգուն գույներով և լեզվի ղողանջներով – այդ Ալեքսանդր Մյասնիկյանը, Սարյանը, Թամանյանը, կավե գյուղաքաղաքի այդ գեղեցկուհին՝ Արուս Ոսկանյանը…

Նրանք ամբողջ մի հայրենիքի, ամբողջ մի ազգի երթը հավերժացրին՝ դեպի լույս և արև, դեպի բարձր որդիների այս տունը – իսպառ չգոյությունից»:

  Կարինե Մեսրոպյան