Երկրապահ ստեղծագործողներին նվիրված ցերեկույթ
Երկրապահ ստեղծագործողներին նվիրված ցերեկույթ
Դեկտեմբերի 7-ին ԵԿՄ դահլիճում (ՀԳՄ-ի հետ համատեղ) տեղի ունեցավ երկրապահ ստեղծագործողներին նվիրված ցերեկույթ:
Ցերեկույթի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի և ազատամարտի զոհվածների հիշատակը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա շեշտեց , որ ԵԿՄ հետ համագործակցությունը եղել է և շարունակական կլինի, ինչպես նաև տեղեկացրեց, որ կա Բանակին նվիրված մրցանակաբաշխություն, որն ամփոփվում է ամեն տարի հունվարին:
«Հրաշալի առիթ է խոսելու ձեռքբերման մասին, որ կոչվում է Արցախյան պատերազմի հաղթանակ: Նման հանդիպումները պետք է շեշտեն մի բան՝ Արցախյան պատերազմում և՛ երկրապահները , և՛ բանակը, ոստիկանությունը մեր ժողովրդի մեծ կամքի հզոր դրսևորումն են, և Արցախյան պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ երբ մեր հայությունը միասնական է լինում, կարողանում է հաղթանակներ տոնել: Մենք պետք է հավաք լինենք մշտապես, մեր մեջ միշտ պետք է լինի ազգային ոգի, և՛ զենքի, և՛ գրչի, և՛ մշակույթի միջոցով ապրեցնելու, մեր երկիրը աննվաճ պահելու մեծ կամք ու պատրաստակամություն:
Արցախյան պատերազմի հաջողություններից մեկն էլ այն էր, որ մեր բոլոր կռված տղաները հիմնականում շատ լավ կարդացել էին հայ գրականություն, մեր դասականներին, արձակ, բանաստեղծություն, որովհետև այդ ամեն ինչի մեջ արտահայտվել է հայրենասիրությունը, մեր պատմությունը: Նրանք իմացական կռվի են գնացել: Նախ եղել է ոգին, ինքնաճանաչողությունը, ապա՝ նպատակը:
Խոսքս հիմնականում ուղղում եմ երիտասարդներին ու պատանիներին՝ պետք է կարդալ դասական ու ժամանակակից գրականություն և այդ ոգով ամրանալ: Երկրապահ անունը, որքան ես գիտեմ, հենց ՀԳՄ-ի շենքում թրծվեց, որովհետև առաջին շտաբներից մեկը հենց ՀԳՄ-ում էր: Եվ դա պատահական չէր, որովհետև Վազգեն Սարգսյանը, լինելով ՀԳՄ անդամ, այդտեղ հիմնեց շտաբ, որին գործակցում էր նաև գրողների մի մասը: Այսօր մենք պիտի հարգանքի մեր տուրքը մատուցենք ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանին, որը և՛ հրաշալի գրող էր, և՛ կանգնած էր երկրապահական շարժման ակունքներում»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ ԵԿՄ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Կետիկյանը : Նա իրենց կողմից առաջարկեց ՀԳՄ և ՀՀ ՊՆ մրցանակաբաշխությանը գումարել երկրապահին նվիրված ստեղծագործությունների համար մրցանակ, որը կկոչվի Վազգեն Սարգսյանի անունով:
Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան նաև Վահագն Մուղնեցյանը, Նոնա Պողոսյանը:
Ներկա էին Արցախյան ազատամարտի մասնակից գրողներ՝ Էդվարդ Խաչիկյանը, Հովիկ Վարդումյանը:
Ամիրան Գալստյանն ու Գայանե Սամվելյանը ընթերցեցին Արցախյան ազատամարտին, հայոց բանակի կազմավորմանը մասնակցած գրողների,ինչպես նաև զոհված ազատամարտիկների ստեղծագործություններից՝ Վազգեն Սարգսյան, Վրեժ Իսրայելյան, Լևոն Խեչոյան, Ղուկաս Սիրունյան, Հովիկ Վարդումյան, Էդուարդ Խաչիկյան, Սամվել Բեգլարյան, Գագիկ Սարոյան, Խաչիկ Մանուկյան, Վահագն Մուղնեցյան, Նոնա Պողոսյան, Արա Նազարեթյան, Էդվարդ Միլիտոնյան, Արտեմ Հարությունյան, Վարդան Հակոբյան, Ռոբերտ Եսայան, Սամվել
Շահմուրադյան, Աղվան Մինասյան, Անդրանիկ Հարությունյան և ուրիշներ: