ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԵրիտասարԴ ԳՐՈՂՆԵՐԻ համաժողով
Հոկտեմբերի 17-19-ին ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ Երիտասարդ գրողների 20-րդ համաժողովը: Մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Արմավիրից, Արցախից, Գեղարքունիքից, Լոռիից և Շիրակից: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց երիտասարդներին և ներկա ավագ գրողներին. «Ամեն տարի Ծաղկաձորում հանդիպում ենք մեր երիտասարդներին՝ ծանոթանալու նրանց գրականությանը, ճանաչելու միմյանց: Ուրախալի է ձեզ կրկին տեսնել: Այս տարի մեզ հետ են Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը, ինչպես նաև արցախցի երիտասարդ գրողներ:
Բազմազան ու բազմաոճ էին երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Նորեկ Գասպարյանի կարծիքով՝ պատերազմները շատ փոխեցին հայրենիքի ըմբռնումը. 1992-94 թթ. հետո հայրենիքի զգացողությունն այլ էր, 2020թ. և վերջին մեկօրյա պատերազմից հետո՝ բոլորովին այլ: Անդրանիկ Կարապետյանը նշեց, որ մարզային թերթերը մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդներին, տպագրվում են անթոլոգիաներ, կան համացանցային պարբերականներ ու մրցանակներ նրանց համար: Նրա կարծիքով՝ գրականության մեջ էլ են զենքերը փոխվում. յուրաքանչյուր ժամանակ իր զենքերն ունի և պետք է ժամանակին համապատասխան ճիշտ ընտրություն կատարել: Մանվել Միկոյանը խորհուրդ տվեց երիտասարդներին՝ շատ կարդալ: Նրա կարծիքով՝ պարտադիր չէ, որ գրողն ամեն օր գրի, բայց պարտադիր է, որ նա ամեն օր զբաղվի գրականությամբ:
Արտեմ Հարությունյանը երիտասարդների խմբի հետ հանդիպման և նրանց
բանաստեղծությունների ընթերցման ընթացքում ուշադրությամբ ունկնդրում, գնահատում էր յուրաքանչյուրին բնորոշ
առանձնահատկությունները և խորհուրդներ տալիս: «Պոեզիան կտրում է մարդուն սոսկալի իրականությունից՝
նրան բարի դարձնելով: Այն ցույց է տալիս, թե
ինչ բարձունքներ կան, որ կարող է մարդը նվաճել»,- ասաց բանաստեղծը: Երիտասարդները հետաքրքրությամբ էին լսում համաշխարհային գրականության
դասականների ստեղծագործություններից նրա մեջբերումները տարբեր լեզուներով: Գուրգեն
Խանջյանի և Ալիս Հովհաննիսյանի հետաքրքիր դիտարկումներն ու խորհուրդները շատ օգտակար
էին երիտասարդ գրողների համար:
Հոկտեմբերի
18-ին տեղի ունեցավ նոր տպագրված մի քանի գրքերի շնորհանդես. Նաթելլա Լալաբեկյանի «Տղան և Աստղիկը» ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով հեքիաթի, Դավիթ Խառատենցի «Վերադարձի՛ր» վեպի և Նվեր Մինասյանի
«Չեչաքարի պես» բանաստեղծությունների ժողովածուի: Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց հեղինակներին՝
ցանկանալով ապագա ստեղծագործական հաջողություններ:
Հոկտեմբերի 19-ին ամփոփվեցին խմբային աշխատանքները: Ավագ գրողները խոսեցին իրենց խմբերում ներառված երիտասարդ գրողների ստեղծագործությունների մասին՝ նշելով նրանց առավելություններն ու թերությունները: Նառա Վարդանյանը նշեց, որ ուրախ էր մասնակցության, նոր հեղինակների հետ ծանոթության ու հետաքրքիր քննարկումների համար և հուսով է, որ դրանք կնպաստեն երիտասարդների ստեղծագործությանը: Ալիս Հովհաննիսյանի կարծիքով՝ երիտասարդ արձակագիրների ստեղծագործական խմբում յուրաքանչյուրն իր գույնն ուներ, իր յուրահատուկ մտածողությունը, նրանք լավ գիտեին թե՛ հայ, թե՛ համաշխարհային գրականությունը:
Էդվարդ Միլիտոնյանը՝ եզրափակելով համաժողովի աշխատանքներն, ասաց, որ երիտասարդ ստեղծագործողների մեջ հետաքրքիր բացահայտումներ կային և երիտասարդական հանդիպումները շատ կարևոր են ոչ միայն անհատական զարգացման, ճանաչողության, ծանոթությունների, այլև ստեղծագործության համար: Նա հաջողություններ մաղթեց համաժողովի բոլոր մասնակիցներին: