ԵՐԵՍՈՒՆ ԱՐԾԱԹԻ ԶՆԳԶՆԳՈՑԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ

ԵՐԵՍՈՒՆ ԱՐԾԱԹԻ ԶՆԳԶՆԳՈՑԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ

Եթե Հիսուս Քրիստոսը հայտնվի ժամանակակից քրիստոնեական աշխարհում, չեմ զարմանա, որ աղոթք մրմնջացող, սաղմոսներ մեջբերող ինչ-որ սեկտաներ կամ հենց հայտնի քրիստոնեական ուղղությունների հետևորդներից ոմանք և՛ կմատնեին, և՛ կդավաճանեին, և՛, թող բերանս լալկվի, կտանեին ի խաչ։

Քրիստոնեական աշխարհում հայտնի հզոր երկրներում և ոչ հզոր, քրիստոնեական ոգին նահանջում է, շատ տաճարներ ու եկեղեցիներ վաճառվում են, էլ չեմ ասում բարքերի անհասկանալի հակաքրիստոնեական խեղաթյուրումները։

Չասե՞մ երկերեսանիության, կրկնակի ստանդարտների, քրիստոնյաների հալածման ու սպանության հանդեպ անտարբերության մասին։

Աշխարհում հիմա հույս է թևածում, թե ԱՄՆ-ի պրեզիդենտ Դոնալդ Թրամփը տեր կկանգնի քրիստոնեական արժեքներին։ Տա Աստված։

Սակայն հենց այս ժամանակ Վատիկանը ներկայացնում է Ադրբեջանում քրիստոնեության պատմության խեղաթյուրված, բոլորի բաց աչքերի դեմ անամոթ աչքակապություն։

Իսկ ո՞ր կրոնի հետևորդներին են ջարդել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Արցախում։ Եվ ո՞ր կրոնի դարավոր հավատացյալներին են բոլորովին վերջերս իրենց հայրենիքից ֆոսֆորային ռումբերի տեղատարափով բռնի տեղահանել 120 հազար արցախցիների։ Ավերել նրանց պատմական հուշարձանները, խաչքարերը, սեփականել նրանց եկեղեցիները, թքել պատմության վրա։ Հիշենք նաև Ջուղայի խաչքարերի ջարդը Նախիջևանում։

Մի՞թե Վատիկանը տեղյակ չէր այս ամենից։

Մի՞թե գազ ու նավթի գումարները երեսուն արծաթի զնգզնգոցը չունեն։

Ո՞ւմ համար են ղողանջում լռությամբ զանգերը։

Իհարկե, խուլ ականջների, կույր աչքերի և ունայնություն ունայնության։

Ցավոք, 2025 թվականի Ավագ հինգշաբթի օրն եմ գրում այս տագնապի զանգահարության ճիչը։

Հ.Գ. – 2015 թվականին չէ՞ր, որ Վատիկանում մեծ խորհրդի երկյուղածությամբ հիշատակեցին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Մի՞թե չշարունակվեց ցեղասպանությունը Արցախում։ Մի՞թե դժվար է պատմության էջերը շաղկապել, մանավանդ որ նույն այդ ցեղասպանության 110-րդ տարելիցն է մոտենում։ Ինձ թվում է ոմանց համար պատմությունը դերձակի մկրատով կամ մսագործի կացնով կտրելու, ջարդելու, մաս-մաս բաժանելու և տիրանալու համար է։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ