ԵՐԳԵՐԻ ԾԱՌ

ԵՐԳԵՐԻ ԾԱՌ
Ապրիլի 17-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Երգերի ծառ» մանկական անթոլոգիայի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է ՀԳՄ հովանավորությամբ և «Ծիծեռնակ» ամսագրի աշխատակցությամբ: Նախագծի հեղինակն ու կազմողը Էդվարդ Միլիտոնյանն է: Ժողովածուն ամփոփում է ժամանակակից մանկագիրների վերջին տարիներին «Ծիծեռնակ» մանկական ամսագրում և նոր մանկական գրքերում տպագրված բանաստեղծություններ և պատմվածքներ: Պոեզիայի բաժնում ներառված են Ստեփան Միքայելյանի, Թելման Մայիլյանի, Հովիկ Վարդումյանի, Արևշատ Ավագյանի, Կորյուն Առաքելյանի, Սամվել Կոսյանի, Բագրատ Ալեքյանի, Զեմֆիրա Ենոքյանի, Վարդգես Խանոյանի, Հելեն Ավագյանի, Բաբկեն Սիմոնյանի, Անահիտ Թարյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Դավիթ Միքայելյանի, Տիգրան Նիկողոսյանի, Օլգա Դարյանի, Հրաչ Բեգլարյանի, Ալվարդ Հովսեփյանի, Զավեն Պետրոսյանի, Հովիկ Գրիգորյանի, Կիմ Գաբրիելյանի, Ժաննա Աբրահամյանի, Անդրանիկ Կարապետյանի, Խաչիկ Մանուկյանի, Անահիտ Արփենի և Նարինե Ավագյանի բանաստեղծությունները, իսկ արձակի բաժնում՝ Նունե Գրիգորյանի, Ալիս Հովհաննիսյանի, Վան Արյանի, Արտակ Վարդանյանի, Ռոլանդ Շառոյանի, Շանթ Մկրտչյանի, Գագիկ Խաչատրյանի, Անուշ Վարդանյանի, Սաթենիկ Ղազարյանի, Նանեի, Լիլիթի, Գոհար Գալստյանի, Էլֆիք Զոհրաբյանի, Սուսաննա Հովհաննիսյանի և Մարիամ Սարգսյանի պատմվածքները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց մանկագիրներին տպագրված անթոլոգիայի կապակցությամբ՝ նշելով, որ անթոլոգիայի ամենամյա տպագրությունը շարունակական կլինի: «Մանկական գրականությունը երեխայի զարգացման կարևոր հիմքերից մեկն է, և կարևոր է մերօրյա մանկագիրների գործունեությունը՝ ստեղծելու լավ գրականություն: Պետք է հետևողական լինել, որ ասպարեզը ծառայի երեխայի զարգացման և կրթության համար, այլ ոչ թե խեղաթյուրի նրա հոգեբանությունը:Մանկագրության առջև այսօր աշխարհում մեծ խնդիր կա. ի՞նչ թեմայով, ի՞նչ լեզվամտածողությամբ և ի՞նչ հերոսների մասին գրել»,- ասաց նա:
Ելույթ ունեցան Սամվել Կոսյանը, Շանթ Մկրտչյանը, Ռոլանդ Շառոյանը, Զավեն Պետրոսյանը, Ժաննա Աբրահամյանը, Անահիտ Արփենը և Հովիկ Վարդումյանը: Նրանք կարևորեցին «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գործունեությունը մանկական գրականության տպագրության և տարածման ասպարեզում և շնորհակալություն հայտնեցին իրենց ստեղծագործությունների տպագրման համար: Մանկագիրները մտահոգություն հայտնեցին ընթերցանության նվազման ու դպրոցական դասագրքերի բովանդակության մասին ՝ առաջարկելով գիրքը հատկացնել դպրոցների գրադարաններին: «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը խոսեց գրքում տպագրված հեղինակների ու նրանց ստեղծագործությունների առանձնահատկությունների մասին՝ ասելով, որ գրքում ներառված են թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից թեմաներով ստեղծագործություններ և այն նպատակահարմար է դպրոցականների համար: Շնորհանդեսի ընթացքում մանկագիրներն ընթերցեցին իրենց ստեղծագործություններից: