«ԴՐՎԱՏԱՆՔԻ ՄԱԳԱՂԱԹ» ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՊՈԼՍԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ
«Դրվատանքի մագաղաթ» մրցանակը՝ Պոլսահայ գրողներին
Հայաստանի գրողների միությունն ու ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միությունը համատեղ սահմանել են ամենամյա մրցանակ «Դրվատանքի մագաղաթ» անվանումով: Մրցանակը տրվում է սփյուռքահայերին՝ «Լավագույն բանաստեղծ», «Լավագույն արձակագիր», «Լավագույն արվեստագետ» և «Համայնքի սիրելի» անվանակարգերում: 2023 թվականին մրցանակի են արժանացել նաև պոլսահայ անվանի արձակագիր Ռոպեր Հատտեճեանը և բանաստեղծ Իգնա Սարըասլանը: Հայաստանի գրողների միությունից ուղարկված մրցանակը պոլսահայ գրողներին հանձնեց բանաստեղծուհի Լիւսան Պըչաքչըն: Այդ մասին տեղեկացնում են «Մարմարա» և «Ակօս» թերթերը: «Մարմարա» օրաթերթի վաստակաշատ խմբագիր Ռոպեր Հատտեճեանին մրցանակը շնորհվել է «Համայնքի սիրելի, արձակագիր» անվանակարգում, իսկ Իգնա Սարըասլանին՝ «Լավագույն արվեստագետ, բանաստեղծ» անվանակարգում՝ ԱՄՆ ՀԳԼՄ նախագահ Վազգեն Վանատուրի և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ստորագրությամբ: Մրցանակը մեծ գնահատանք էր պոլսահայ ժամանակակից գրականության վաստակավոր ներկայացուցիչների համար, որին նրանք արժանացել էին բեղուն գրչի և հայ գրականությանը բերած նպաստի համար: Այն ուրախալի էր հատկապես Ռոպեր Հատտեճեանի համար, որ զուգադիպել էր նրա ծննդյան 98-րդ տարեդարձին: Պոլսահայ գրողները շնորհակալանքով ընդունեցին մրցանակները: