ԴՈՒ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՍ ՔՈ ՀԵՌԱՆԱԼՈՒՆ…

ԴՈՒ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՍ ՔՈ ՀԵՌԱՆԱԼՈՒՆ…
Չէ՛, Լևոն, Լևոն Զաքարի… Չէ՛, պարոն Անանյան, չգիտեմ, թե ե՞րբ էր, քանի ամիս ու տարի անցավ, բայց էլի մահվանդ չեմ հավատում, չլինելուդ չեմ հավատում: Փառք Աստծու, քեզնից հետո էլ Գրողների միությունը կա, բոլորն էլ աշխատում, ջանում ու ստեղծագործում են:
Թե պակսեցիր՝ դու պակսեցիր, «աշխարհեմես բան չպակսեց», բայց չէ՜, Լևոն ջան, լավ էլ պակասեց… միջանցքներն ու սենյակները լցնող քո շտապումները չկան, երբեմն անտեղի, իզուր, բայց այնքա՜ն ազնիվ, համով ու հավեսին քո 9 բալանոց գոռում-գոչյունը, թայֆուն աղմուկ-աղաղակդ չկա… Հապա ա՞ջ, թե՞ ձախ ուսդ կախ, հողմապտույտ քայլվածքդ, աջ ու ձախ նայելով, առանց կանգ առնելու, նույնիսկ առանց դեմքին նայելու բարևելդ, ապա քեզնից «խռովածներին», քո «նեղացրածներին» ներողություն ու հաշտություն խնդրելդ:
Ոնց կարելի էր քեզ «չներել» ու «չհաշտվել» քեզ հետ, հապա դրանից հետո, հաջորդ պահին կամ հաջորդ օրը Գրողների տան բոլոր հարկերն ու չորսբոլորը ո՞վ էր դարձյալ այնքան կյանքային աշխուժով լցնելու: Քեզնից ո՞վ պիտի նեղանար, քանզի բոլորս գիտեինք, որ քո պոռթկումը ոչ թե չարությունից է, այլ զարմանքից… զարմանում էիր անպարտաճանաչությունից, դանդաղկոտությունից, անկարգապահությունից, անճշտապահությունից:
Գրողների միության քո գլխավորած խորհուրդը՝ Միլիտոնյան Էդիկը, Մուրադյան Դավիթը, Դեմիրճյան Պետրոսը, Սիրունյան Ղուկասը, քո ծաղկեփունջ աղջիկները՝ Կարինե Մեսրոպյանը, Ալլան, Էմման, Մարգոն (էլի, եթե…) միշտ տաք ու ջերմ էին պահում մթնոլորտը, այնպիսի ջերմությամբ, որի առջև հալչում, մարում էին ամենաամբարիշտ ու կռվազան գրողներն անգամ:
Հիմա հարիր չէ ու չեմ էլ ուզում կատարածդ գործերի ու տաղանդիդ մասին խոսել: Շատ էիր գրում, թե քիչ, լավ գրող էիր, թե… Դա բնավ էլ կարևոր չէ. դու գործի մարդ էիր, օրվա աչքերի մեջ նայող, անցյալի հնոտիներից ժամանակին թոթափվող, արդը տեսնող ու վաղը զգացող: Ինչպես ինքդ էիր ասում. «Երբեք կյանքի գնացքի պատուհանից նայող «տուրիստ» չեղար, այլ անդադրում, քափ ու քրտինքի մեջ մտած, նրա քուրան վառելիք լցնող հնոցապանը:
– Արարատը տեսնում եմ ու կարոտում… Արագածը զգում եմ ու նրանով ապրում: Կարոտով ապրե՞լ կլինի»: Այսպես ասացիր մի անգամ: Արագածը մերն է ու պաշտամունքդ էր, քանզի իրատես էիր. մի ձեռքդ՝ կյանքի զարկերակին, մյուսը՝ քո: Սրտիդ տրոփյունն էլ՝ երկրի զարկերին ու ռիթմին համընթաց: Արագածի նման առանձին, առանձին ու Արագածի նման միասին՝ չորս բարձունք, չորս գագաթ ունեցար քո երկրային կյանքում՝ «Գարունը», «Ապոլոնը», «Գրողների միությունը» և… ԻՆՔԴ:
Եթե նախորդ երեքը կոնկրետ են ու ամփոփ, ապա վերջինը մի ամբողջ ընկալում է՝ ինքնությունդ, միտքդ, ընտանիքդ, ընկերներդ, անսկիզբ ու անվերջ մի ամբողջ աշխարհ…
Քո տարածաշրջանի ուսանողների ու ջահելների համար էպիկենտրոն էիր, խորհրդատու, փող պարտք անելու ու երբեմն նաև չվերադարձնելու «տեղ»: Դժվար պահին մերձավորին օգնելը, մատից փուշ հանելը քեզ համար դեռ դպրոցական տարիներից պահվածք ու բնավորություն էր:
Չէ՜, դյուրին չի եղել կյանքդ: Դեռ դպրոցահասակ, ծխախոտատերև էիր թելին անում, որ գրքերիդ ու հագուստիդ գինը գումարես: Հետո էլ ռանչպար, շինական ծնողներդ հինգ զավակներին բարձրագույն կրթության տվել ու իրենց՝ չոր հաց, ձեզ՝ մարդամեջի հագուկապ, գլխին զոռ տալու, լավ սովորելու համար՝ մեղր ու ձու, միս ու միրգ:
…Քույրդ, եղբայրդ, հայրդ, քեռորդիդ… էլի շատ հարազատներ: Քեզնից հետո էլ մայրդ, աշխատավոր մեղու, անդադրում Սիրան մայրիկը: Սգո սեղանին չասացի, որ քո հիշատակի համար ոտքի կանգնեն… չասացի, որ չլինելուդ չհավատալս փշուր-փշուր չլինի, որ հեռանալուդ չհավատալս մնա…
Երեկ քո սիրած ծմակները գնացի՝ քեզ տեսնելու հույսով… միայն ոտնահետքերդ էին անցա՜ծ-գնացած տարիների խաշամների վրա: Քո անունը կրող պոեզիայի պուրակի զով ստվերներում քեզ սպասեցի… միայն հուշաղբյուրի ջուրն էր անունդ կարկաչում…
Կանգնեցի հորդ տան մոտ, քո՜ տան մոտ: Պատուհանները մութ էին, դռնից կախված կողպեքի մեջ մի թախծոտ ու տխուր երգ էր ժանգոտում…
Ներիր, Լևոն, ներիր եղբարս, ցանկացա հիշատակի խոսք գրել, բայց չէ՛, չստացվեց, կարոտի խոսք գրեցի: Չգիտեմ ինչու, գուցե նրանից, որ չեմ հավատում քո հեռանալուն, իսկ դու, դո՛ւ, քո երկնային հեռուներում հավատո՞ւմ ես քո բացակային…
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ