Գրքի 29-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը Մոսկվայում
Սեպտեմբերի 7-11-ը Մոսկվայում տեղի ունեցավ Գրքի 29-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը` «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները` տնօրեն, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ղեկավարությամբ: Ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցում էին նաև հրատարակիչներ` «Արևիկ» ՓԲԸ, «Նահապետ» ՍՊԸ և «Ջի Էս Էմ ստուդիա» ՍՊԸ:
Ցուցահանդեսին ներկայացվել է պետական պատվերով և աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հրատարակչությունների կողմից հրատարակված գրականություն: Հայկական տաղավարում ցուցադրված էին հրատարակություններ` նվիրված Հայոց Ցեղասպանությանը, ժամանակակից արձակ և պոեզիա, պատմական, թարգմանական գրականություն, ալբոմներ, ինչպես նաև մանկապատանեկան գրքեր:
Սեպտեմբերի 10-ին տաղավարում տեղի ունեցավ երեք գրքի` Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը», Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան հին ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի և «Հայաստանը ըստ Մանդելշտամի. Հայաստանի լուսանկարներ 1878-1920 թթ.» ալբոմ-կատալոգի շնորհանդեսը:
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև 13-րդ միջազգային «Գրքարվեստ» մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությանը, որտեղ ներկայացված անվանակարգերից Հայաստանն արժանացել է 10 դիպլոմի, այդ թվում` «Գրան պրի», «Մշակույթների երկխոսություն», «Համագործակցություն», «Ուսումնական գրականություն և կրթություն» անվանակարգերում:
Տեղի են ունեցել հանդիպումներ Գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսի մասնակցած հրատարակիչների հետ:
Բազմաթիվ հեռուստաընկերություններ, կայքեր լուսաբանել են հայկական տաղավարի աշխատանքները:
Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 120 գիրք նվիրվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը: