ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ
Ծնվել է 1944 թվին, Բուլղարիայի Խասկովո քաղաքում։ 1946-ին ընտանիքը ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Ավարտել է Բրյուսովի անվան օտար լեզուների լեզգագիտական համալսարանը, Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Երեք անգամ արժանացել է Ֆրանսիայի գրքի ազգային կենտրոնի՝ արտասահմանյան թարգմանիչների համար հատկացված հատուկ կրթաթոշակի։
Հայաստանի լրագրողների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր է, Հայոց բանակի պահեստի մայոր, հեղինակային 25, թարգմանական 30 գրքերի հեղինակ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով։ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգածությամբ ստեղծել է «Արևմտյան Հայաստան» մատենաշարը, առանձին հատորներով, արևելահայերեն, արևմտահայերեն, ինչպես նաև անգլերեն ու ֆրանսերեն լույս է ընծայել Ցեղասպանության վերապրածների հուշերի և այլ վավերագրեր։
Գրիգոր Ջանիկյանի թարգմանություններից կարելի է առանձնացնել Ալբեր Կամյուի «Սիզիփոսի առասպելը» և «Առաջին մարդը», Սամուել Բեկկետի «Օ՜, երանելի օրեր», Ջովանի Ջիակոմո Կազանովայի «Իմ կյանքի պատմությունը», Ֆրանսուազ Սագայի «Բաց անկողին», Պատրիկ Մոդիանոյի «Կորած երիտասարդության սրճարանը», Ժան Ժորեսի «Պետք է փրկել հայերին», Լեսլի Դևիսի «Սպանդի նահանգը», Դանիել Արսանի «Մի ապրիլ ամիս Ադանայում» գործերը։
Համազգային հայկական կոնգրեսի և ՀԳՄ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցույթի առաջին մրցանակին է արժանացել նրա «Եռաբլուր» ստեղծագործությունը, Հրանտ և Մանուշակ գրական հիմնադրամի մրցանակին՝ «Ապրիլ 11 (24)» գործը։ «Սպարտակ» ստեղագործությունն արժանացել է ՀՀ ՊՆ և ՀԳՄ մրցույթի 1-ին մրցանակի, իսկ «Անավարտ համանվագը»՝ Ստ. Ալաջաջյանի անվան մրցանակի։
Անցած երկար ճանապարհին տքնանքը շատ է, հունձքը՝ առատ, մտահղացումները՝ բազում, արարումը՝ տեսանելի։ Ոչ մի դադար ու պարապ օր։ Յուրաքանչյուր գրքում ու հոդվածում՝ Երկիրը, ամբողջական ու իրական։
Շնորհավորում ենք, մեր նվիրյալ բարեկամ, մաղթում անդավաճան առողջություն ու ներշնչանք՝ համոզված, որ մեզ դեռ շատ հարուստ պահեր ես պարգևելու քո նոր գործերով ու մտահղացումներով։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ