«Գրական հանդիպումներ»

***
Փետրվարի 4-10-ը Մինսկում անցկացվեց Բելառուսի գրքի միջազգային 20-րդ հոբելյանական ցուցահանդեսը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նույնպես մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում տպագրված մանկապատանեկան գրականու­թյունը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցան ԱՊՀ երկրներում մանկապատանեկան գրականու­թյան զարգացման հեռանկարներին վերաբերող խորհրդակցություններ:

***
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հանդիպումներ ունեցավ նաև տարբեր երկրների (ՌԴ, Բելառուս) գրական կազմակերպությունների նախագահների, քարտուղարների, ինչպես նաև հրատարակչների (Տաջիկստան) հետ: Քննարկվեցին գրական-մշակութային կապերի ամրապնդման ու համագործակցու­թյան խնդիրներ:

***
Փետրվարի 11-ին ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հյուրընկալեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյիսիին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Հասան Մադանիին: Հայ-պարսկական սերտ համագործակցությունը ներառել է մշակույթի գրեթե բոլոր ոլորտները: ՀԳՄ-ի հետ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան համագործակցության արդյունքը հայերենից պարսկերեն և հակառակը կատարված թարգմանություններն են: Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների և գրական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: Նշվեց, որ շարունակական աշխատանքները սերտացնում են երկու երկրների բարեկամությունը, որոնք իրենց փոխազդեցություններն են ունեցել երկու մշակույթների վրա՝ ավելի ցայտուն դրսևորվելով լեզվի ու գրականության ասպարեզում:

***
Փետրվարի 13-ին ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հյուրընկալեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ու գրական կապերի ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես` մարտ ամսին Տարաս Շևչենկոյի 200-ամյակին նվիրված հանդիսությունների ծրագիրը: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ մարտի 27-ին ՀԳՄ-ում տեղի կունենա Տ. Շևչենկոյին նվիրված միջոցառում, հոբելյանական երեկո, միջոցառումներ կանցկացվեն մեծ գրողի անունը կրող դպրոցում և այլ կրթօջախներում:
Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը այսուհետ ևս կլինի սերտ ու շարունակական` նպաստելով միմյանց մշակույթների զարգացմանն ու փոխհարստացմանը:

***
Փետրվարի 17-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված գիրք նվիրելու օրվան:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ փետրվարի 19-ը՝ Հովհ. Թումանյանի ծննդյանը օրը, ՀԳՄ-ի նախաձեռնությամբ հայտարվել է գիրք նվիրելու օր և արդեն 6 տարի հանրապետության դպրոցներում և մարզերում անցկացվում է գրքի նվիրատվություն: ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մի շարք միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքների դպրոցներում: Անվանի գրողներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ հանդիպումներ կունենան Հովհ. Թումանյանի, Ստ. Զորյանի, Խ. Դաշտենցի, Խ. Աբովյանի, Շիրվանզադեի, Վ. Տերյանի, Վ. Դավթյանի, Հ. Սահյանի անվան և այլ դպրոցներում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Նորքի ծերանոցում: Նրա հավաստմամբ՝ այս տոնը հնարավորություն է տալիս ընթերցողներին և աշակերտներին ի մոտո ճանաչել գրողներին, ծանոթանալ ժամանակակից գրականության նմուշներին: Նա հատկապես կարևորեց մանկապատանեկան մամուլի կամավոր բաժանորդագրությունը դպրոցներում:
ՀԳՄ նախագահը անդրադարձավ նաև կատարված և կատարվելիք աշխատանքներին՝ Ս. Կապուտիկյանի, Պ. Սևակի, Հ. Սահյանի և այլ գրողների հոբելյաններին, ԳՄ-ի ստեղծման 80-ամյակին և այլն: Էդ. Միլիտոնյանը իր սերնդակիցների համար առավել արժևորեց թղթային գրքի առկայությունը՝ միաժամանակ ընդգծելով էլեկտրոնային գրականության օգտակարությունը ընթերցողական լայն շրջա­նակների համար: