Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան
Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան
Մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով գրական-երաժշտական երեկոն: Թեման սերն էր ու գարունը, իսկ որպես խորագիր ընտրվել էր երիտասարդ բանաստեղծ Բենիկ Ստեփանյանի համանուն գործի վերնագիրը:
Միջոցառման ընթացքում ասմունքողներ Սամվել Թոփալյանի և Անուշ Գալստյանի կատարմամբ հնչեցին ժամանակակից գրականության ինչպես կայացած, իրենց ուրույն ձեռագիրն ունեցող բանաստեղծների, այնպես էլ գրականության դաշտ նոր մուտք գործող երիտասարդ գրողների գործեր՝ Ղուկաս Սիրունյան, Սոնա Վան, Հուսիկ Արա, Նանե, Խաչիկ Մանուկյան, Էդուարդ Հարենց, Նոնա Պողոսյան, Անի Տեր-Գուլանյան, Բենիկ Ստեփանյան, Նարինե Ավագյան, Առնելա Այվազյան, Ինգա Իսահակյան, Սուսաննա Հայուհի Ղազարյան: Եղան նաև հեղինակային ընթերցումներ:
– Հայաստանի պետական ֆիլհարմոնիան թեպետ համերգային կառույց է, սակայն մեծապես արժևորում է ժամանակակից պոեզիան,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը,- այս միջոցառումով մենք ցանկանում ենք մեր գրողներին, ստեղծագործողներին հնարավորություն ընձեռել ժամանակ առ ժամանակ կապ հաստատել իրենց ընթերցողների հետ մեր հարկի տակ: Ստեղծագործող մարդը անընդհատյա կապի մեջ պետք է լինի հանդիսատեսի հետ, որպեսզի նորովի ընկալի կյանքի ռիթմը և այն արտացոլի իր ստեղծագործություններում:
Երեկոյի երաժշտական հատվածում հեղինակների բառերով գրված երգեր կատարեցին Աննա Խաչատրյանը (խոսք՝ Լ. Բլբուլյանի, երաժշտ.՝ Ժ. Բլբուլյանի), Արմինե Հայրապետյանը (խոսք՝ Ն. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Հայրապետյանի), Պետրոս Շանլյանը (խոսք՝ Ն. Ավագյանի, երաժշտ.՝ Ա. Գալստյանի), Սրբուհի Ստամբոլցյանը (խոսք և երաժշտ՝ Ս. Ստամբոլցյանի): Կազմակերպիչները վստահեցնում են, որ այս գեղեցիկ նախաձեռնությունը, որի մեկնարկը տրվեց խորհրդանշական այս օրը, կլինի շարունակական, և Հայպետֆիլհարմոնիան այսուհետ պարբերաբար կհյուրընկալի մեր գրողներին: Միջոցառումը վարում էր գրականագետ Անի Փաշայանը:
Գայանե ԵԳԱՆՅԱՆ