ԳԻՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Գիրք՝ նվիրված Մկրտիչ Սարգսյանին
Հոկտեմբերի 29-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Սաթենիկ Մկրտչյանի «Էսսե՝ Մկրտիչ Սարգսյանին, մարդուն, գրողին, մտավորականին» գրքի շնորհանդեսը: Էսսեի հիմքում Մկրտիչ Սարգսյանի գեղարվեստական ստեղծագործության էպիկական վերաիմաստավորումն է՝ ժամանակների և գրողի համաձույլ դաշնությամբ: Գիրքը հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում, նվիրված է Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Այն «Մկրտիչ Սարգսյան. գրողի ժամանակը» մատենաշարի 7-րդ գիրքն է: Վահագն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ «Սաթենիկ Մկրտչյանն էսսեում ներկայացնում է գրողի դիմանկարը, նրա մասին իր մտորումները, խոհերը, որի մեջ ներթափանցված են և՛ գրողի ստեղծագործությունը, և՛ ստեղծագործության վերլուծությունը, և՛ մեր այսօրվա հասարակական քաղաքական կյանքն իր ամբողջ բարդություններով, ինչպես նաև իր անձնական հարաբերությունները Մկրտիչ Սարգսյանի հետ, երբ աշխատում էր Գրողների միությունում»: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց Մկրտիչ Սարգսյանի ու նրա հետ իր ունեցած հանդիպումների, գրողի ապրած ժամանակի, երիտասարդ գրողների նկատմամբ նրա ուշադրության մասին: Նա կարևորեց գեղարվեստական խոհագրությունը՝ նշելով, որ «Սաթենիկ Մկրտչյանն իր էսսեով ներկայացրել է Մկրտիչ Սարգսյանին, որ նշանակալից դեր է ունեցել գրողների ու գրականության պատմության համար, մեծ աշխատանք է կատարել Գրողների միությունում»: Սաթենիկ Մկրտչյանի ստեղծագործության մասին հետաքրքիր գրականագիտական վերլուծություններով հանդես եկավ գրականագետ Կարինե Ռաֆայելյանը: Իրենց ելույթներում Գոհար Գալստյանը, Ալիս Հովհաննիսյանը, Նանեն և Պերճուհի Ավետյանը բազմակողմանիորեն անդրադարձան Սաթենիկ Մկրտչյան արձակագրին ու նրա ստեղծագործությանը՝ բացահայտելով «պոեմանման» էսսեի մի շարք կարևոր առանձնահատկություններ: Ելույթ ունեցան և Մկրտիչ Սարգսյանի գրականության, գրողի ազդեցիկ կերպարի ու նրա հետ իրենց հանդիպումների մասին խոսեցին Հովիկ Վարդումյանը, Խաչիկ Մանուկյանը, Հակոբ Հարությունը, Վրեժ Սարուխանյանը, Սեյրանուհի Գեղամյանը և Վան Արյանը: Սաթենիկ Մկրտչյանը խոսեց Մկրտիչ Սարգսյանի, գրքի, ստեղծագործության շարժառիթների ու ընթացքի մասին և շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների և գնահատանքի համար: