ԱՌ ԲԱԲԱԽՈՒՄՆ ՄՇՏՆՋԵՆՈՒԹՅԱՆ

ԱՌ ԲԱԲԱԽՈՒՄՆ ՄՇՏՆՋԵՆՈՒԹՅԱՆ

Այս պատմությունն սկիզբ առավ 2016 թվականի մայիսի 1-ին: Այս պատմությունը վերստին ծննդյան և սիրո պատմություն է: Ծննդյան, որովհետև գրականության լուսեղեն երկնքում անմահացած բանաստեղծի՝ Արարատ Մկրտումյանի ծննդյան օրն է, և սիրո, որովհետև արդեն ինը տարի այս օրը ոգեկոչում ենք բանաստեղծի հիշատակը ոչ միայն խնկարկումով, այլև նրա գրականությամբ: Մայիսի 1-ը Արարատ Մկրտումյանի անունով և բանաստեղծությամբ թագադրման օր է: Օր է, որ համախմբում է Շիրակ և Լոռի աշխարհների՝ մինչև երեսունմեկ տարեկան երիտասարդ ստեղծագործողներին՝ իրենց ստեղծագործական վերթևումներին զգայական շունչ տալու և շոշափելիորեն զգալու արդյունքը:

  «Արարատ Մկրտումյան» գրական երիտասարդական հիմնադրամը ստեղծվեց բանաստեղծի եղբոր՝ Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի հետ համատեղ ամրագրվեց այս փաստը, որն, անտարակույս, հանրապետական նշանակություն ստացավ` կարևորվելով ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի կողմից։ Մայիսի 1-ը՝ խորհրդանշական այդ օրը, սկիզբ դարձավ գեղեցիկ հղացման` Արարատ Մկրտումյան գրական մրցանակաբաշխության:

Ամեն տարի Շիրակի և Լոռու մարզերի (հերթագայությամբ) երիտասարդ ստեղծագործողները ներկայացնում են իրենց չափածո ստեղծագործությունները, որոնք տեղադրվում են նաև «Արարատ Մկրտումյան» գրական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։ Արդյունքում` «Արարատ Մկրտումյան» գրական հիմնադրամը հովանավորում է առավելագույն գնահատականի արժանացած մասնակցի բանաստեղծությունների ժողովածուի լույսընծայումը, իսկ խրախուսական մրցանակի արժանացած երիտասարդների գործերը տպագրվում են գրական անթոլոգիայում։

Արդեն երրորդ տարին է, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում նաև արձակ անվանակարգում՝ համաժամանակյա:

2025 թվականի մայիսի 1-ին Գյումրիում՝ «Բեռլին» հյուրերի տան դահլիճում, կայացավ Արարատ Մկրտումյան 9-րդ գրական մրցանակաբաշխությունը՝ պոեզիա և արձակ անվանակարգերում: Այս տարի պոեզիա անվանակարգում իրենց բանաստեղծություններն էին ներկայացրել Շիրակ աշխարհի երիտասարդ ստեղծագործողները:

  Պոեզիա անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացավ Միշա Մանուկյանը՝ Շիրակի մարզի Սարալանջ գյուղից: Նրան հանձնվեց Արարատ Մկրտումյանի դիմապատկերով հուշամեդալ և առաջին մրցանակի արժանացած գիրքը՝ «Սիրո խրամատ» վերնագրով։

Այս անվանակարգում Շիրակի մարզում ապրող տասներեք հեղինակներ խրախուսական մրցանակի արժանացան․ նրանց ստեղծագործություններն ընտրողաբար տպագրվել են «Հույզի հանդերձներ» խորագրով բանաստեղծական անթոլոգիայում:

Արձակ անվանակարգում խրախուսական մրցանակների և Վկայագրի արժանացան տասնվեց հեղինակներ՝ Շիրակի ու Լոռու մարզերից: Այս անվանակարգում գլխավոր մրցանակ չշնորհվեց:

«Արարատ Մկրտումյան» գրական հիմնադրամը համագործակցում է «Արմավ» հրատարակչության հետ։

 Օրվա հանդիսության անակնկալներից մեկը բանաստեղծ Արարատ Մկրտումյանի թոռնուհու՝ Կարինե Լոռեցյանի ելույթն էր: Նա ներկայացրեց բանաստեղծի «Դռները բացվում են» ստեղծագործությունը, որի համար ասմունքի հանրապետական մրցույթում շահել էր մրցանակ:

Ներկաներին և մրցույթի մասնակիցներին իրենց ելույթներում ողջունեցին ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ, մրցանակաբաշխության հանձնախմբի անդամ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, մրցանակաբաշխության հանձնախմբի անդամ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, Ա. Մկրտումյան մրցանակաբաշխության հանձնախմբի անդամ, բան. գիտ. թեկնածու Վալերի Փիլոյանը, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր,  բան․ գիտ․ թեկնածու Արմեն Ավանեսյանը։ Ելույթ ունեցավ նաև գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Շնորհակալության և գնահատանքի խոսքեր ասացին նաև գլխավոր մրցնակակիրը և մրցանակաբաշխության մասնակիցները:

Գրական ցերեկույթի եզրափակիչ խոսքը «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխության հիմնադիր Արթուր Մկրտումյանինն էր: Նա շնորհակալություն հայտնեց հրավիրյալներին, Շիրակի և Լոռու մարզերի գրողների միության ողջ թիմին, ժյուրիի անդամներին, առանձնահատուկ շնորհակալություն փոխանցեց նաև Էդվարդ Միլիտոնյանին, որը մեծ ավանդ ունի այս գործընթացներում, և բոլոր նրանց, ովքեր իսկապես ծնեցին այս երևույթը և բերին հասցրին այս օրվան:

Այնուհետև դիմեց երիտասարդ ստեղծագործողներին․ «Ես Գյումրի գալիս եմ կա՛մ Ալավերդուց, կա՛մ Երևանից և անցնում եմ երկու հրաշք տաղանդի կամարների տակով՝ Երևանից գալիս՝ Գալշոյանի կամարի տակով, Ալավերդուց գալիս՝ Ջաջուռի մոտ՝ Մինասի կամարի տակով: Երկու կամարից էլ, որ ներս ես մտնում Գյումրի, պատկերացնում ես, թե ինչ է լինելու. իսկապես արհեստների քաղաք, արվեստների քաղաք, մշակույթի քաղաք և յուրահատուկ քաղաք՝ յուրահատուկ մարդկանցով: Մենք երկրամաս ունենք, որտեղ անտառն ու ծառերն են շատ, և երկրամաս ունենք Հայաստանում, որտեղ տաղանդավոր մարդիկ են շատ, և նրանք անտառ են ստեղծում: Այնպես որ Գյումրիի լերկ լանջերը, սառը հովիտները կոմպեսացվում են շատ տաք սիրտ ունեցող տաղանդավոր մարդկանցով։ Պահե՛ք այդ ցուցանիշները, զարգացրե՛ք և անպայման մեկմեկու փոխանցե՛ք, ընդարձակե՛ք այն տաղանդը, որ դուք ունեք, իսկապես շա՛տ աշխատեք․ այսօր ձեր ձեռքին հեռախոս է, որը ողջ համաշխարհային գրականությունը դրել է ձեր գրպանը: Իսկ ավագներն ինչպես էին գրականություն ճարում, որ կարդան, պատկերացնո˚ւմ եք… Շատ կարդացեք, իրար շատ քննադատեք: Թող ձեր մտքերի հորիզոնը դառնա անծայրածիր, ինչպիսին գրականության հորիզոնն է»:

Ահա այսպես՝ բանաստեղծի մի ծննդյան օր էլ արժևորվեց նրա ոգեղեն ներկայությամբ: Բառը բարձրացավ, բացեց թևերը և բացվեց Արարատ Մկրտումյանի յուրօրինակ բանաստեղծական աշխարհում՝ բխեցնելով պոեզիայի զուլալ ու թաքնված ակունքները՝ տառապանքի, զղջումների, մերժումների, սիրո և երազի:

ՍՈՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ