Անուշ Վարդանյանի նոր գիրքը

Անուշ Վարդանյանի նոր գիրքը
Անուշ Վարդանյան բանաստեղծուհու սիրո սահմանները լայն են. նրանում իրենց առանձին բաժիններն ունեն մարդու արյունակից հարազատները, ոչ արյունակից, սակայն հոգեհարազատ ընկերներն ու բարեկամները, հայրենիքը` ներկա և կորուսյալ, մարդկության պատմական նվաճումների պահպանումը, աշխարհի նշանավոր մարդիկ` անցյալ ու մերօրյա:
Անուշ Վարդանյանը գրում է ազատ ոտանավորով, նրա որոշ բանաստեղծություններում ուժեղանում է ներքին հանգավորումը, սակայն գիրքը գերազանցապես գրողի ասելիքը դրսևորում է ազատ ոտանավորով: Անուշ Վարդանյանի գիրքը ես կանվանեի նեոռեալիզմի մեթոդով գրված: Սովորական, առօրեական ընկալումը, կյանքի իրական մի դրվագը բանաստեղծուհու համար խոհ է դառնում. նա զրուցում է իր ընթերցողի հետ, ավելի շուտ կարիք ունի, որ իրեն լսեն, որովհետև ասելիքը կենսականորեն կարևորվում է:
Սիրո մասին քնարերգությունը շարունակ վերածնվող կյանքի նման շարունակ նորոգվում է, պահպանելով ասելիքի հիմնական իմաստը, որը նույնն է անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը: Սերը մարդուն ոգեշնչում է, իսկ սիրված լինելը ցանկալիից` կյանքի գերագույն պարգևն է:
Բանաստեղծուհու ներաշխարհում հայտնվում են աշխարհի նշանավոր կանայք` միֆական, իրական ու պատմական, սեփական պատկերներով և երբեմն միայն խոսքային նկարագրերով: Այդ կանանցից են Լեոնարդոյի Մոնա Լիզան և Հոմերոսի Պենելոպեն` կնոջ հավերժական նվիրումի խորհրդանիշը, որին բանաստեղծուհին հոգեհարազատորեն է հիշում:
«Ինչու եմ գրում» բանաստեղծությունը մի յուրօրինակ խոստովանություն է, որից իմանում ենք, թե բանաստեղծուհին ստեղծագործելով փառքի չի ձգտում, այլ միայն հագուրդ է տալիս իր անհանգիստ ներքին ձայնին, որովհետև միտքը շարունակ թռչում է Եգիպտոսից Կարթագեն, Բարսելոնայից ճարտարապետ Անտոնիո Գաուդիի «Սագրադա ֆամիլիայից» մինչև Դալիի տուն-թանգարան, Աֆրիկայի Չադ լճից Փարիզի Մոնպառնաս փողոց:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ