Անկախությունը և պատերազմը` գիրկընդխառն

Անկախությունը և պատերազմը` գիրկընդխառն
Սեպտեմբերի 20-ին Լևոն Անանյանի անունը կրող ՀԳՄ Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ ՀԳՄ և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը (մրցանակակիրների ցանկը տես «ԳԹ» թիվ 26 (3303), ուրբաթ 29 հուլիսի, 2016 թ.): ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ այս մրցանակաբաշխության գաղափարն այն է, թե ժամանակակից գրականությունն ինչպես է անդրադառնում մեր անկախության տարիներին, բանակաստեղծմանը, Հայաստանի և Արցախի պաշտպանությանը, ինչպես նաև ընթացիկ կյանքի թեմաներին: Նա տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությանն ընդգրկվել են գրողներ Հայաստանից և Արցախից, ինչպես նաև Սփյուռքի գրողներ` գրական տարբեր ժանրերով (պոեզիա, արձակ, հրապարակախոսություն, գրականագիտություն) բանակային թեման իր ողջ ծավալով ու խորությամբ ներկայացնելով ընթերցողին: «Անկախության 25 տարվա տարիներին մեր երկիրն անընդհատ պատերազմական վիճակում է` անկախությունը և պատերազմը գիրկընդխառն են: Այն թյուր կարծիքը, թե մեր անկախության 25 տարիների ընթացքում արցախյան պատերազմի և ընդհանրապես բանակային կյանքի վերաբերյալ լուրջ գրականություն չի ստեղծվել, իրականությանը չի համապատասխանում, ընդհակառակը` գրվել են շատ լավ բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, պարզապես պետք է ընթերցել դրանք»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ գրականությունը հոդված կամ հրապարակախոսություն չէ, այն ունի իր օրենքները: Որևէ պատերազմ, որևէ իրադարձություն պարտադիր չէ, որ անմիջապես դառնա գրականություն: Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը փաստեց, որ բանակ-գրականություն կապի մեջ ՀԳՄ-ն իր ուրույն տեղն ունի, և այս ծրագիրը չի ամփոփվում միայն մրցանակաբաշխությամբ, լինում են հանդիպումներ զորամասերում, կազմակերպվում են բազմաբովանդակ և տարաբնույթ միջոցառումներ ՊՆ-ի հետ համատեղ: Ապա կարդաց ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ այս մրցանակաբաշխության միջոցով արժանին է մատուցվում բազմադարյան հայ գրականության այսօրվա ա՛յն մշակներին, ովքեր ստանձնեցին Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորի ու հրամանատարի հավաքական կերպարը ստեղծելու դժվարին հանձնառությունը: Պարգևները հասցեատերերին հանձնեցին ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը և գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ