ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ -100

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ -100
Ապրիլի 30-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Աղասի Այվազյանի 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն: Աղասի Այվազյանի «Եղած չեղածը՝ մի կյանք» ինքնակենսագրական վեպից հատված ներկայացրեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Բաղինյանը և դերասան Սմբատ Ստեփանյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց. «Աղասի Այվազյանի 100-ամյակը նշելով մենք նշում ենք մեր մտածողության, մեր արձակի աստիճանակարգերի մեջ մեծ դեր ունեցող գրողի հոբելյանը: Նա որոնում էր հայի էության խորհուրդը, խորհրդավորությունը: Ստեղծագործությունները գրականության, նկարչության ու կինոյի ոլորտում մոտեցնում են նրան վերածննդի մարդուն»: Գրականագետ, բ.գ.դ. Պետրոս Դեմիրճյանը խոսեց Աղասի Այվազյանի գրականության, գրողի հետ ունեցած հանդիպումների ու հետաքրքիր զրույցների մասին՝ ասելով, որ «Աղասի Այվազյանի մտածողությունն ու ոգին տիեզերական մասշտաբների մեջ էին»:
Արձակագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը խոսեց Աղասի Այվազյանի սցենարներով նկարահանված ֆիլմերի մասին՝ նշելով, որ «Աղասի Այվազյանի վիպակները կարդալիս բոլորիս աչքի առաջ ֆիլմ էր ծավալվում: Թատրոնը և կինոն իր ներսում էին, դրա համար էլ նա ինքը հետո ֆիլմ նկարեց»: Նա առանձնացրեց հատկապես «Լիրիկական երթ» ֆիլմը: Գրականագետ, բ.գ.թ. Հայկ Համբարձումյանը հետաքրքիր գրականագիտական վերլուծություններ կատարեց Աղասի Այվազյանի ստեղծագործությունների մասին՝ ասելով, որ «նա որոնում էր մարդուն, մասնավորապես՝ հայ մարդուն, փորձում էր հասկանալ պատմական, հասարակական պրոցեսների հիմքը և ելք գտնել: Աղասի Այվազյանի գրականությունը խորքում կյանքի շարունակականության, հարմարվելու և այլ գաղափարներ ունի ու օգնում է ապրել»: «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը խոսեց Աղասի Այվազյանի «Մանչերը» գրքի մասին՝ նրա վերլուծությամբ ամբողջացնելով գրողի ստեղծագործությանը բնորոշ առանձնահատկությունները և անդրադառնալով այնտեղ առկա համահայկական խնդիրների: «Աղասի Այվազյանն իր ժամանակին հայի ինքնությունը որոնելու և գտնելու խնդիր էր դրել իր առաջ, ինչպես նաև՝ գտնելու պատասխանը. ինչո՞ւ է խեղվում մաքուր հայի տեսակը»,- նշեց նա: Գրականագետ Կարինե Ռաֆայելյանը խոսեց Աղասի Այվազյանի գրականության մասին և ընթերցեց հատվածներ նրա հետ ունեցած հարցազրույցից: Նրա կարծիքով՝ «Աղասի Այվազյանը տիեզերքը բյուրեղացրել և տեղավորել է մի մարդու մեջ»: Բանաստեղծուհի Գոհար Գալստյանը խոսեց Աղասի Այվազյանի ստեղծագործական յուրահատկությունների ու Գրականության և արվեստի թանգարանում նրա ունեցած փոքր հավաքածուի մասին՝ առաջարկելով համալրել այն:
Հանդիսությունը վարում էր արձակագիր Ալիս Հովհաննիսյանը: Նա խոսեց Աղասի Այվազյանի կյանքի ու գրական գործունեության մասին, ինչպես նաև՝ «Հայություն» թերթում համատեղ աշխատանքի, որի հիմնադիրն էր Աղասի Այվազյանը: Հանդիսության ընթացքում դերասաններ Սամվել Բաղինյանն ու Սմբատ Ստեփանյանը ընթերցեցին հատվածներ Աղասի Այվազյանի ստեղծագործություններից: