ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ

 Հունիսի 13-ին Գորիսում, Ակսել Բակունցի տուն-թանգարանում նշվեց մեծանուն գրողի 125-ամյակը: Կազմակերպված միջոցառումներին ներկա էին  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ:

Ժաննա Անդրեասյանը՝ ողջունելով ներկաներին, շնորհավորեց հոբելյանի կապակցությամբ, ընդգծելով, որ Բակունցի ծննդյան օրը համաքաղաքային տոնի է վերածվում, որը խոսում է Բակունցի թողած արժեքների, գրական ժառանգության և ստեղծագործությունների արդիականության մասին:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով Բակունցի արվեստը և գրական ժառանգությունը, շեշտեց, որ նա նոր գույն է բերել հայկական արձակին, և դպրոցականներն անպայման պետք է շատ կարդան Բակունցի ստեղծագործությունները.  նրա ոսկեղենիկ հայերենի լեզվի ուժը մեզ անհրաժեշտ է, քանզի գեղեցիկ լեզուն նաև սիրո և միմյանց հարգելու հարաբերությունների ստեղծման ամուր հիմքն է:

Ելույթ ունեցան Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը,  Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և այլոք: Հոբելյանական օրվա ընթացքում թատերական ներկայացումներով հանդես եկան Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի ունեցավ հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ, ինչպես նաև կայացան    Մ. Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Միջոցառումներն ուղեկցվեցին հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության ու նկարչության վարպետության դասերով:

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ – 125

Ակսել Բակունցի  ծննդյան օրը՝ 125-ամյակի կապակցությամբ, գրողների մի խումբ ՀԳՄ-ից և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի աշխատակիցներն այցելեցին ու ծաղիկներ դրեցին նրա երևանյան բնակարանի առջև տեղադրված հուշաքարին:  Այդ բնակարանում Բակունցն ապրել և ստեղծագործել է 1927թ. մինչև 1936 թ.: ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանն ասաց. «Ակսել Բակունցը մեր գրականության, գեղարվեստի արժանապատվությունն է: Խոնարհվենք մեր մեծության առաջ. որքան խոնարհվելու կարողություն ու զորություն ունենանք, այնքան մեր արժանապատվությունը վերադառնալու է մեզ»: Գոհար Գալստյանը նշեց, որ Բակունցի ստեղծագործությունները մշտապես լինելու են հայ գրականության գանձարանում: Շանթ Մկրտչյանն ասաց. «Այն մեծ ժառանգությունը, որ թողել է Բակունցը, 20-րդ դարի մեր գրականության՝ արձակի բարձրակետերից է»: Նրա կարծիքով՝ 1937-ը անընդհատ կրկնվում է, ժողովուրդը ոչ թե դիտորդ պիտի լինի, այլ պատասխանատու և տեր՝ իր արժանավոր զավակներին: