ԱԶԳԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ
ԱԶԳԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Հոկտեմբերի 22-ին ՀԳՄ կլոր սրահում Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը Վարուժան Խաստուրին հանձնեց շքանշան՝ թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակի առթիվ: Նա այդ պարգևին է արժանացել Մահթումկուլի Ֆրագիի «Ընտրանի»-ի թարգմանության համար: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ողջունելով ներկաներին, ասաց, որ հայ -թուրքմենական հարաբերությունները դարերի պատմություն ունեն՝ տնտեսական, մշակութային, գիտական և այդ կապերը զարգանում են նաև այսօր, որի նշանն է Վարուժան Խաստուրի թարգմանությունը:
Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ
և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր ելույթում ասաց, որ հանրահայտ բանաստեղծ
ու փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան
300 – ամյակը Թուրքմենստանում նշվում է «Մահթումկուլի Ֆրագին՝ իմաստության աղբյուր» խորագրով: Նրա բանաստեղծությունները
խաղաղություն, եղբայրություն, մարդասիրություն ու համամարդկային արժեքներ են բարձրաձայնում,
այդ պատճառով բարեկամության կամուրջ են ազգերի միջև: Վարուժան Խաստուրը շնորհակալություն
հայտնեց պարգևի համար, ասելով, որ թարգմանության ընթացքում Մահթումկուլի Ֆրագիի բանաստեղծական
աշխարհից Սայաթ-Նովայի շունչն է զգացել, քանի որ նրանք համարյա ժամանակակիցներ են:
Գիրքը
տպագրվել է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, Վարուժան Խաստուրի և ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ալեքսանդր Սաֆարյանի խմբագրությամբ, «Բզեզ» հրատարակչությունում:
Ալեքսանդր Սաֆարյանը կարևորեց հայ – թուրքմենական
մշակութային կապերն ու գրքի հրատարակումը: Նա նշեց, որ Վարուժան Խաստուրի թարգմանությունները
կատարվել են բնագրից և հայ ընթերցողի համար հարազատ հնչողություն ունեն: Գրքում Վարուժան
Խաստուրի նոր թարգմանություններից բացի ներառված
են նաև Ս.Ումառյանի, Վ. Հովակիմյանի, Ն.Միքայելյանի, Գ. Օհանյանի, Ա. Թարյանի, Հ.Ղազարյանի,
Վ.Կարենցի, Մ.Հարությունյանի, Վ.Հարությունյանի և Գ.Բանդուրյանի թարգմանությունները:
Միջոցառման ընթացքում Մահթումկուլի Ֆրագիի բանաստեղծություններից ընթերցեց ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ
Գրիգորյանը: