Գոհունակություն ենք հայտնում ԱՄՆ-ի Սենատին

Գոհունակություն ենք հայտնում ԱՄՆ-ի Սենատին՝ Հայոց Ցեղասպանության բանաձևն ընդունելու առթիվ և շնորհակալ ենք արդարությունը միաձայն ընդունելու վճռականության համար։ Բնական էր Թուրքիայից լսվող պատասխանը՝ թե դա օրենքի ուժ չունի։ Զարմանալի է, որ նրանք խոսում են օրենքից և դաս են տալիս դեմոկրատիայի սկզբունքները երկու դարից ավելի դավանող երկրին։ Հարց տանք Թուրքիայի ղեկավարներին՝ արդյոք իրենք օրենքո՞վ են ցեղասպանությունն իրագործել և արդյոք այդ օրենքո՞վ են աջակցել Իսլամական պետության բարբարոսներին, արդյոք այդ օրենքո՞վ են առաջնորդվում՝ գրավելով Սիրիայի քաղաքները, սպանելով կանանց և մանուկներին, արդյոք այդ օրենքո՞վ են ռմբակոծում Իրաքի սահմանները, արդյոք այդ օրենքո՞վ են գրավել Կիպրոսի մեծ մասը և այդ օրենքո՞վ են գրավում Կիպրոսին հարող ջրերը… Ճիշտ կլիներ՝ այդ օրենքի տեղն ասեր Թուրքիան, որպեսզի չշարունակվեն, խուսափեն ցեղասպան գաղափարներ որոճողները, քանզի «այդ օրենք կոչվածը» տեսնում ենք` ինչպես է քարին առնում…

Բանաստեղծը

Պատերազմ է հայտարարում պատերազմի խանութին,

Հրեշտակի թևից պոկած փետուրով

Հրաման է գրում բառերով աղոթքի՝

Տուր մեզ այսօր բոլոր մարդկանցից քամած խիղճը,

Տուր մեզ այսօր բոլոր զոհվածների անմեռ կամքը,

Տուր մեզ այսօր բոլոր Աստվածների սերը,

Տուր մեզ այսօր այնքան թույն,

Որ բժշկի վիրավոր Արդարին, խոցված Զավակին,

Քարի պես լուռ Հորը, թաց կավի պես ճմլվող սիրտը Մոր։

Տուր անհագուրդ թունավորին բավարար թույն՝

Ինքնախայթելու սաստկությամբ,

Ինքնահաղթելու սթափությամբ,

Ինքնամաքրության հարությամբ։

Եվ տուր մեզ այսօր բանալին,

Որ կփակի դուռը մահ ու քրքիջ վաճառող խանութի,

Կբացի դուռը անվարձ ճախրանքի։

Վերևից նայելիս ի՜նչ փոքր է կապույտ Երկրագունդը։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ