Անդրեյ Բիտով

Հայ ժողովուրդը և Հայաստանի գրական հասարակայնությունը խորին ցավով սգում են Անդրեյ Բիտովի կորուստը։ Նրա ստեղծած գրականությունը անգնահատելի նվաճում է և ռուս դասական հարուստ խոսքարվեստի ավանդույթով սնված թևածում է աշխարհի գրասերների հոգիներում։ Հատկապես նրա «Հայաստանի դասերը» հայ ընթերցողի համար յուրովի բացահայտեց Հայաստան աշխարհը, և նրան հայերն ընկալում են որպես հայրենակցի։ Բիտովի գրքերը թարգմանվել և տարածվել են Հայաստանում, Հրանտ Մաթևոսյանի հետ ընկերությունը վերածվել է բարեկամության ընդհանուր հայության հետ։
Հայաստանի գրողների միությունը և ողջ հայ գրասեր հասարակայնությունը խորապես ցավակցում են Անդրեյ Բիտովի ընտանիքին, հարազատներին և ռուս ժողովրդին։ Նրա ստեղծած գրականությունը հավերժ կմնա ժողովրդների սրտերում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ափսոս, հազար ափսոս…

Անդրեյ Բիտով մարդը կնքելով մահկանացուն, իր ընթերցողներին, իր ժողովրդին թողեց հավերժության կնիքով հաստատած հրաշալի գրականություն։
Հատկապես հայերիս համար թանկ է նրա «Հայաստանի դասերը» գիրքը, որը մեզ պարգևեց ծանոթ և առավելապես անծանոթ, ուրիշի աչքերով, սրտով ու գրչով տեսած, զգացած ու բանաձևած մի նոր Հայաստանի հոգի։
Օսիպ Մանդելշտամից, Վասիլի Գրոսմանից հետո նա դարձավ աշխարհին Հայաստանի գաղտնիքներ պարզող ևս մի ռուս գրող, որին մենք ընդունել ենք որպես եղբոր։
Նա որևէ երկրի չնայեց օտարի հայացքով, նայեց ներսից, հարազատորեն, դարձավ նրա արյունակիցը։ Ճշմարիտ գրողի մեկնակետ է սա։
Հիմա հավատում եմ, որ նա այն աշխարհը ևս կվերածի այնպիսի գրի, որին հասու չենք լինի մենք, և դա կհամարենք անգնահատելի կորուստ։
Ափսոս, հազար ափսոս…
Անդրեյ Բիտով, բարեկամ, դու հավերժ ապրելու ես մեր սրտերում։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ