100-ամյա Վարդատոն

1175

Մայիսի 25-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագով մեկնարկեց հոբելյանական Վարդատոնը: Վրաստանի շրջաններից, արտերկրից ժամանած հյուրերը և հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմներին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորու­թյամբ Թբիլիսի էր մեկնել ՀԳՄ պատվիրակու­թյունը, որի կազմում էին Վառլեն Ալեքսանյանը, Շանթ Մկրտչյանը, Մովսես Մանուկյանը և Գագիկ Դավթյանը: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ծովացած մարդիկ սպասում էին սայաթնովյան Վարդատոնի սկսվելուն: Արդեն 100 տարի շարունակվող ավանդույթի համաձայն՝ «Վարդատոն-2014»-ն սկսվեց անմահ աշուղի հուշարձանին կարմիր վարդեր խոնարհելով: Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով 100-ամյա Վարդատոնի մեծ խորհրդի մասին, նշեց. «Աշխարհում եզակի է Սայաթ-Նովա երևույթը, ով գրել ու երգել է երեք լեզուներով, սիրո, բարեկամության մասին իր ճշմարիտ խոսքն է հղել, որին աշխարհն ունկնդիր է արդեն մի քանի դար»: Վարդատոնի նախորդ օրը «Հայարտուն» կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվել էր Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 125-ամյակը, որին իրենց մասնակցությունն էին բերել ՀԳՄ-ի, Վրաստանի ԳՄ-ի, ՀՀ Սփյուռքի նախարարության, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությունները: Էդ. Միլիտոնյանը, իր ելույթում կարևորելով հայ-վրացական գրական առնչությունները, մեկ անգամ ևս շեշտեց մեկ դար առաջ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված Սայաթ-Նովայի Վարդատոնի անգնահատելի ներդրումը, որպես երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ևս մեկ հավաստագիր: ՀԳՄ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Վրաստանի ԳՄ նախագահ Մ. Գոնաշվիլու, քարտուղարներ՝ Բ. Արաբուլու և Բ. Քութաթելաձեի հետ: Քննարկվեցին համատեղ գրական միջոցառումների առաջիկա ծրագրեր: