Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին

Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին
Նորվեգացի բևեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը քաղաքակրթության համայնապատկերում շողշողացող այնպիսի աստղ էր, որ լույս էր սփռում չորս կողմը, ջերմացնում ու ոգեշնչում մարդկանց: Նա բացառիկ ներդաշնակությամբ զուգակցում էր մեծ գիտնականի, հասարակական գործչի ու մարդասերի լավագույն հատկանիշները: Ֆրիտյոֆ Նանսենն առաջինն էր, որ չքավորին օգնության ապահովումը կարեկցանքի աստիճանից հասցրեց գործնական քաղաքականության, իսկ սովորական անձնական բարեգործությունը՝ պետական ակտի մակարդակի:
Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության, փոխեց դիվանագետների և քաղաքագետների տեսակետն իրենց սեփական գործունեության նկատմամբ և ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ:
Մեծ եղեռնից մազապուրծ 320.000 հայեր նանսենյան անձնագրերով քաղաքացիություն ստացան աշխարհի 52 երկրներում, կարողացան օջախներ հիմնել և շարունակել կյանքը, իսկ 50.000 հայեր Հունաստանից գաղթեցին Մայր Հայրենիք և բնակություն հաստատեցին Սարդարապատում, որտեղ կենսապայմաններ ստեղծելու գործում նույնպես մեծ էր բարոյականության բարձրակետում կանգնած Ֆրիտյոֆ Նանսենի և նրա ղեկավարած հանձնախմբի դերը: Նրանք սկսեցին փորձագիտական-հետազոտական աշխատանքները, որոնց նկարագրություններն ու առաջարկությունները, իբրև փաստաթղթային ապացույցներ, ժամանակին տեղ են գտել Ժնևյան հաղորդագրություններում, ապա դուրս եկել արխիվներից, հասել մեր օրերն ու դարձել մեծ նորվեգացուն նվիրված հայ ժողովրդի երախտագիտության ու սիրո առհավատչյան:
«Գիրք հորս մասին» երկհատոր աշխատության մեջ Ֆրիտյոֆ Նանսենի դուստր Լիվ Նանսեն-Հեոյերը խոստովանում է. «Հայրս մեռավ՝ «Հայ» բառը շուրթերին. նա այնքան սիրում ու սքանչանում էր հայ ժողովրդով»: Ֆրիտյոֆ Նանսենի երազանքը՝ նորից վերադառնալ Հայաստան, իրողություն դարձավ մեր հանրապետության անկախությունից հետո: Երախտագետ հայ ժողովուրդն իր պարտքն է համարում շարունակական միջոցառումներով հավերժացնել «Նանսեն-Հայաստան» սիրո կամուրջը:
Բարի ավանդույթ է դարձել մեծ մարդասերի և հայասերի հիշատակի օրը ծաղիկներ խոնարհել Երևանում գտնվող նրա հուշարձանին:
Մայիսի 13-ին, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախաձեռնությամբ, անցկացվեց հիշատակի հերթական արարողությունը, որին մասնակցում էին մտավորականներ և դպրոցականներ: Միջոցառմանը Նանսենի կյանքի և մար- դասիրական գործունեության մասին ելույթներով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, գրող Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ, բան. գիտ. դոկտոր Սերգո Երիցյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով հետաքրքիր հուշեր պատմեց իր նորվեգական ուղևորության և նանսենյան վայրերի այցելության մասին: Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մանե Դավթյանն ընթերցեց Էդվարդ Միլիտոնյանի «Ֆրիտյոֆ Նանսենի լայնեզր գլխարկը» բանաստեղծությունը:

Հայարփի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի գործադիր տնօրեն