ՔՈ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ

ՔՈ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ

Օրեր առաջ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նշեցինք մեծ բանաստեղծի «Երկիր Նաիրի» պոեմանման վեպի 100-ամյակը: Բանախոսներից ոմանք գրքի բովանդակած ժամանակը, գործողությունները, Կարսի անկումը զուգահեռեցին մեր ժամանակի, 44-օրյա պատերազմի, Շուշիի անկման հետ։ Ով չի կարդացել, թող կարդա վեպը և ինքը իր խելքով չափի նմանությունը (թեպետ ասվում է՝ ամեն համեմատություն կաղում է), նաև իր մեջ գտնի երկիր Նաիրիի առեղծվածի բանալին՝ բուժվելու սրտի հիվանդությունից և մշտապես անհանգիստ ուղեղային մորմոքից։

Գանք մեր օրերը։

Կուսակցությունների մի մասը արևմուտքին է դիտում Հայաստանի և Արցախի բարեկամ ու հովանավոր, թե ի՞նչ հիմքերով, նրանց ծրագրերում փնտրեք ու համոզվեք, որ ռուսական ռազմավարական բարեկամությունն ու ռազմական բազան երկրից քշելուց հետո քաղաքակիրթ երկրների (Ֆրանսիա, ԱՄն) զինվորներն են հայտնվելու մեր սահմաններին։ Հակառակ թևից էլ հարց է հնչում՝ նրանք ո՞ւր էին 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո, բացի կոչերից ու հորդորներից՝ ոչինչ։ Եվ այլն…

Արևմտականներն էլ սրանց են բշտում՝ ո՞ւր էին ռուսները կռվի ժամանակ, որ ուզեին, կռիվ չէր լինի և այլն…

Զարմանում ես, որքան թեթև, աճպարարի հմտությամբ վեր ու վար են նետում աշխարհաքաղաքական խնդիրներն ու ծրագրերը, հաճախ առանց որևէ հիմքի, ցանկությունների տիրույթում ձևավորված, և պատահական չէ, որ վեր ու վար նետած խնդիր-գնդակները ժողովրդի գլխին են ընկնում, ինչպես վերջին պատերազմում, ռումբերի տեսքով։ Նախկին նախագահներ և որոշ վարչապետեր ինչքան էլ իրար դատափետեն, ռուսական ռազմավարական ընկերոջ հանդեպ միասնական են, հիմնվում են, թույլ տվեք ոչ քաղաքագիտական կատեգորիա հիշել՝ փորձած թանի և անփորձ մածունի առակը։ Հումորով ասենք՝ կարող է այդ թանն էլ անփորձ մածունից են գլուխ բերել։

Սա էլ ընդունենք նրանց հակառակորդների կողմից պատասխան հարված։ Այս ժխորում չէր խանգարի բարի հումորը։ Կա՞ այս միտքը կիսող թեկնածու կուսակցություն կամ դաշինք։ Չկա՞։ Ուրեմն մեր գրականությունն ու գրողնե՞րն են մեղավոր՝ քիչ են գրել կատակերգական ժանրի գործեր։ Դժվար պահին ժպտալը ուժ է։

Ես չեմ ուզում հավատալ, որ դեպի ընտրություններն ընթացող մեր մասնատված, միմյանց հիշոցներով, սարսափներով, հալածանքներով, վրեժով սպառնացող քաղաքական ուժերն ու ընտրազանգվածը կարող են կանգնել մի նոր «մարտի 1-ի» առջև։

Ես հավատա՞մ, թե՞ չհավատամ, վտանգն արդեն շոշափելի է։

Ես չեմ ուզում հավատալ, որ այս թշնամական կեցվածքները (առավել քան թշնամու հանդեպ) սերմանվել է դրսի ուժեր կոչվածների կողմից, որոնց ցանկությունն է տրոհել, քաոսի վերածել, ջլատել մեր երկիրը, և, բնականաբար, հարմար վիճակում իրագործել իրենց նպատակները։ Չեմ հավատում, որ մեր ներսում ուժեր կան, որոնք ֆինանսավորվում, ուղղորդվում են դրսից, կասկածելի գործակալությունների նախագծերով։

Հավատա՞մ, թե՞ չհավատամ, այս վտանգը շոշափելի է, և երբեմն երևում են նրանց ականջները։

Հիմա եթե ես բոլոր քաղաքական ուժերին ու ընտրողներին դիմեմ աստվածաշնչյան հորդորով՝ սիրեցեք միմյանց, հավատացած եմ, ծիծաղելի վիճակում կհայտնվեմ, նույնիսկ՝ ոմանք վրեժով և ցասմամբ կլցվեն նվաստիս հանդեպ, թե ժամանակ գտար հաշտարար քարոզի։

Հավատամ թե չհավատամ՝ մարդկանց մեծ մասը այլևս չի հավատում բարի հեքիաթների, սիրո և երկնքից ընկնող խնձորների։

Սիրելի ժողովուրդ, դու քաղաքական գործիչներին սթափեցրու, քո դարավոր իմաստնությամբ ցույց տուր միասնական կամքով գտնելու ճշմարիտ ուղին, մի՛ վերածվիր անդեմ ընտրազանգվածի, որից ամեն ինչ կարելի է պատրաստել, որի գլխին ամեն ինչ կարելի է բերել։

Սիրելի ժողովուրդ, վերջապես քո քաղաքական գործիչներին մղիր Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, Շահնուր, Լեռ Կամսար, Օտյան, Դեմիրճյան, Մահարի կարդալու։ Գուցե խուսափեն նրանց կատակաողբերգական հերոսների վարքն ու ճակատագիրը կրկնելուց, մեր մեծերի խորիմաստ մտքերը, պատմական և իրենց ժամանակի ճշմարիտ վերլուծությունները որևէ ճակատագրական անկման մեղքը նաև մեր մեջ փնտրելու կամքը ըմբռնելու, թրծելու և տեսանելու մեր պատմության հավերժական Գիրք ճանապարհին։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ