Վարդատոնը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության կամուրջ

Վարդատոնը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության կամուրջ
Ավանդույթի համաձայն՝ մայիս ամսվա վերջին կիրակի օրը (մայիսի 29-ին), Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ սայաթնովյան Վարդատոնը: Այն հիմնվել է Հ. Թումանյանի, Գ. Բաշինջաղյանի և Ի. Գրիշաշվիլու նախաձեռնությամբ և այս տարի նշվում էր 102-րդ անգամ:
Տոնի մեկնարկը տրվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ պատարագով, որի ավարտից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հյուրերն ու հավաքված հասարակությունը ուղղվեցին Գորգասալի հրապարակ: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի իշխանության պաշտոնյաներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանի գրողների միության պատվիրակության կազմում էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ-թարգմանիչներ Գագիկ Դավթյանն ու Շանթ Մկրտչյանը:
Միջոցառումն սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ ու բարեմաղթանքով: Նրա հավաստմամբ՝ Հայաստանի և Վրաստանի գրողների միությունները սայաթնովյան այս գեղեցիկ Վարդատոնը վերածում են հրաշալի բարեկամության՝ չմոռանալով, որ Սայաթ-Նովան միավորել է բոլորին իր երգով ու մշակույթով:
Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, կարևորելով այս միջոցառումը, վստահեցրեց, որ մշակույթի, հոգևոր արժեքների վրա հիմնված հարաբերությունները խարսխված են շատ ամուր հիմքերի վրա, և ընդգծեց, որ այս տոնը միավորում է հայ և վրաց ժողովուրդներին:
Ըստ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի՝ հարյուրավոր տարիներ անց էլ Սայաթ-Նովայի երգի, սիրո բազմաթիվ երկրպագուների է հավաքել այս հրապարակը, որովհետև նրա բանաստեղծությունների պատգամները տարածվում են տարբեր լեզուներով: «Այսօր էլ Սայաթ-Նովայի բանաստեղծությունը օգնում է մեզ՝ մեր հավատը, հույսը, սերը պահպանելով դեմ կանգնել չարին, ինչպես դեմ կանգնեցին մեր տղաները սահմաններում, ինչպես նաև պահպանել բարությունը, հայերի ու վրացիների բարեկամությունը», – ընդգծեց նա:
Վրաստանի գրողների միության ղեկավարության կողմից Մաղվալա Գոնաշվիլին հրապարակեց հայ և վրաց գրական միությունների համատեղ քննարկած առաջարկությունը՝ ստեղծելու Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների «Սայաթ-Նովա» մրցանակ, որը վրացական կողմից կտրվի հայ գրողի, իսկ հայկական կողմից` վրացի գրողի:
Բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը հորդորեց անընդհատ կարդալ Սայաթ-Նովային, որովհետև նրա ամեն մի բառը մի դաս է. նա մեզ սովորեցնոււմ է ճիշտ ապրել, լինել պատվախնդիր, ազնիվ, լինել Մարդ, որը գիտի սիրո, պատվի գինը: «Իր ամբողջ ստեղծագործությամբ, իր երգով, իր անմահական խոսքով Սայաթ-Նովան կատարյալ կյանքի է ձգտում», – ասաց նա և առաջարկեց հաջորդ տարվանից այս տոնին զուգահեռ անցկացնել սայաթնովյան լսումներ:
«Սայաթ-Նովայի հանճարը՝ պարուրված լուսապսակով, այսօր` երեք հարյուր տարի անց էլ, մեզ միավորում է, ստիպում նայել կողքինին, սիրել մերձավորին, տիեզերական բարձրությունից նայել մարդկանց ու աշխարհին և սփռել բարություն ու լույս: Սայաթ-Նովայից մենք պետք է սովորենք, որովհետև նրա մեծությունը պսակել է մեր երկու ժողովուրդների միասնականությունը, ինչը նմանօրինակը չունի համայն աշխարհում»,- շեշտեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:
Ելույթ ունեցան նաև Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, Վիրահայոց միության ծրագրերի ղեկավար Մարիա Առաքելովան, բանաստեղծ, հասարակական գործիչ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, ՎԳՄ նախագահ, արձակագիր Ռևազ Միշվելաձեն և այլք՝ կարևորելով Վարդատոնի խորհուրդը, Սայաթ-Նովայի անմահ ստեղծագործությունը, որն ամեն տարի իր շուրջն է հավաքում սիրո, գեղեցիկի, ժողովուրդների բարեկամության բոլոր երկրպագուներին, և արժևորելով մշակույթների, լեզուների ու դավանանքների բազմազանության ու միասնության քաղաք Թբիլիսին, որտեղ ապրել և ստեղծագործել է մեծ բանաստեղծը:
Հնչեց նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ավագանու առաջարկությունը, ըստ որի՝ Երևանում կազմակերպվող Վարդատոնին մասնակցեն Թբիլիսիի քաղաքապետարանի, իսկ Թբիլիսիում` Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունները: Համերգային ծրագրով ելույթ ունեցան ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի մի շարք պարային համույթներ, Պ. Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ և այլք:
«Վարդատոնը» կազմակերպել էր «Վիրահայերի միությունը»՝ Թբիլիսիի քաղաքապետարանի, ՀՀ և ՎՀ մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Վարդատոնի շրջանակներում ՀԳՄ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՎԳՄ ղեկավարության հետ, քննարկվեցին գրական հարցեր, մասնավորապես` առաջարկություն եղավ, որ «Ցիսկարի» և «Նարցիս» ամսագրերը մեկական համար տրամադրեն հայ և վրացի գրողների թարգմանություններին: Ինչպես նաև որոշվեց, որ վրացի երիտասարդ գրողները մասնակցեն հունիսին Ծաղկաձորում կայանալիք երիտասարդ գրողների միջազգային խորհրդաժողովին:
Սայաթնովյան Վարդատոնի խորհուրդներից մեկն էլ այն է, որ նպաստում է հայ-վրացական գրական-մշակութային կապերի ամրապնդմանը: Այս տարի ևս նշանավորվեց գրական իրադարձությամբ: Գագիկ Դավթյանը ներկայացել էր անվանի բանաստեղծ Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» բանաստեղծությունների թարգմանական ժողովածուով:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ