Սուրեն Մուրադյանի ծննդյան 85-ամյակը

ՀՀ նախագահ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք ժամանակակից հայ մանկական գրականության անվանի ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ավանդը հայ մանկագրության զարգացման գործում: Ձեր ստեղծագործությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ կրթվել ու դաստիարակվել են բազում մանուկներ ու պատանիներ:
Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ ու կորով, ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:

Մանկական պայծառ լույսերի աշխարհում
Նոյեմբերի 26-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ուեցավ բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
«Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձները, ինչպես նաև ողջունեց հոբելյարին իր, գրադարանի աշխատակազմի ու ընթերցողների անունից:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը հրապարակեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանը՝ Ս. Մուրադյանին 85-ամյակի առիթով, գրականության և արվեստի տարածման, զարգացման, հանրահռչակման, մանուկների գեղարվեստական մտքի ձևավորման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրելու մասին:
ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ մանկագրությունը երկարացնում է մարդու կյանքը, որովհետև այն իր մեջ ունի հումոր, զվարթություն, պայծառություն, մանուկների հոգեբանության հետ է առնչվում: «Գրողը իր մեջ գտնում է այն մանուկին, որը երբեք չի մեծանում: Այդպես ինքը խոսում է իր ենթագիտակցության հետ և թևածում մանկական պայծառ լույսերի աշխարհում»:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը հիշեց իր առաջին հոնորարի հետ կապված պատմությունը, որն առնչվել է Սուրեն Մուրադյանի անվան հետ: Եվ որպես գրողի լավագույն գնահատանք՝ կարդաց Մեժելայտիսի խոսքը:
Ըստ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի` Ս. Մուրադյանի պոեզիայի առանձնահատկությունն այն է, որ բանաստեղծությունն իր մեջ պարունակում է երաժշտություն:
Սամվել Խալաթյանը կարդաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորագիրը:
Ս. Մուրադյանի ծանրակշիռ դերը հայ մանկագրության մեջ արժևորեցին նաև Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթական վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, «Լոռվա ձոր» հ/մ նախագահ, Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը, արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը:
Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան «Արևիկ» համույթը (գեղ. ղեկ.՝ Վահե Հայրապետյան), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, երգչուհի Մարիամ Ղազարյանը, երգահան Հռիփսիմե Խրիմյանը, «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի սաները (գեղ. ղեկ.՝ Աննա Սարգսյան): Գրողի բանաստեղծություններից կարդացին Գայանե Սամվելյանը, բանաստեղծի ծոռնուհի Էլիզան: Շնորհակալական խոսք ասաց բանաստեղծ Սուրեն Մուրադյանը: