Սեպտեմբերի 20-22-ը Ղազախստանի Աստանա մայրաքաղաքում Էդվարդ Միլիտոնյանը մասնակցեց եվրասիական գրողների համաժողովին:

Սեպտեմբերի 20-22-ը Ղազախստանի Աստանա մայրաքաղաքում Էդվարդ Միլիտոնյանը մասնակցեց եվրասիական գրողների համաժողովին: Համաժողովը «Բառի էներգիան ժամանակակից աշխարհում» խորագիրն էր կրում և տարբեր երկրների մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրների, նաև անձնական գրական, թարգմանական իրողությունները և համագործակցության նոր ծրագրեր առաջարկեցին:
Հետաքրքիր էր, որ տարբեր երկրների գրողներ հիշատակեցին հայ գրողների անուններ, որոնց ստեղծագործությունները թարգմանել և տարածել են:
Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ժամանակակից հայ գրականության ուրվագծերը, հատկապես անդրադարձավ պոեզիային և նաև նշեց գրական կապերի կարևորությունը, ներկայացրեց գրողների միության հնարավորությունները, կատարած աշխատանքները վերոնշյալ ասպարեզներում, առանձնացրեց եվրասիական պետությունների հետ կատարված և ընթացիկ աշխատանքները, նշեց Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի գրական կամուրջների ամուր վիճակը և տեղեկացրեց, որ երկկողմանի թարգմանական գործունեություն է ծավալվում և նախագծվում են գրական նոր ծրագրեր:
Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց հենց այդ օրերին տպագրված «Միջնադարից մինչև 20-րդ դարի վերջ ստեղծագործած հայ բանաստեղծների անթոլոգիա»-ն ղազախերեն, որի ակունքում կանգնած են Հայաստանի գրողների միությունը՝«Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի զգալի ներդրումով: Ուրախալի է, որ այդ գիրքը ներկայացվեց Հայաստանի անկախության օրը՝սեպտեմբերի 21-ին:
Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում նշեց, որ համաժողովի փակման օրը՝ սեպտեմբերի 21-ը զուգադիպում է Հայաստանի անկախության տոնի հետ: Մասնակիցները բուռն շնորհավորեցին ՀԳՄ նախագահին անկախության առիթով:
Էդվարդ Միլիտոնյանը գրական գործունեության համար արժանացավ համաժողովի հուշամեդալի: