Սասուն Գրիգորյան

Սասուն Գրիգորյան
Հայ գրականությունը ցավալի կորուստ ունեցավ, կյանքի 79-րդ տարում վախճանվեց բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, 1974 թ.-ից ՀԳՄ անդամ Սասուն Սերոբի Գրիգորյանը:
Սասուն Գրիգորյանը ծնվել է 1937 թ. հունվարի 15-ին, Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ) Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ‎ֆակուլտետը։ Աշխատել է Հայպետհրատում, հեռուստառադիոպետկոմում։ 1996 թ. հիմնել է Մեծ եղեռնի և Հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտը, որտեղ գիտականորեն ուսումնասիրվում, հրատարակության են պատրաստվում Մեծ եղեռնի, ստալինյան բռնությունների, Մեծ հայրենական և ա‎‎ֆղանական պատերազմների, Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանության ժամանակ զոհված, անհայտ կորած, գերված՝ ոչ միայն գիտության, գրականության, մշակույթի, ռազմարվեստի, հասարակական-քաղաքական, պետական գործիչների, այլև շարքային զինվորների մասին փաստավավերագրական նյութեր, որոնք ամփոփված են գրքերում։ Նա Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության փոխնախագահն էր, «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի տնօրենն ու գիտական խորհրդի նախագահը, նույն կազմակերպության հայկական վարչության նախագահը:
Ս. Գրիգորյանի գրիչը բեղմնավոր էր և բազմաժանր: Նա հեղինակ է բանաստեղծական, պատմագիտափաստագրական, դիմանկարային ակնարկների շուրջ 25 գրքի, այդ թվում՝ “Սասնա պար” /1981/, “Կարմիր պանթեոն” /1996/, “Դեպի Էրգիր” /2000/, ,“Հավերժախոս պանթեոն” /2004/, “Քոնն եմ, հայրենիք” /2004/,“Գեներալները” /մատենաշար/, “Մուսաները չլռեցին” /եռահատոր/, “Հավերժության լուսամատյան (հանրագիտարան)” և այլն:
Ս. Գրիգորյանը պարգևատրվել է Մ. Խորենացու անվան մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, մարշալներ Հովհ. Բաղրամյանի, Գ. Ժուկովի, Գ. Նժդեհի, ինչպես նաև Ֆ. Նանսենի, Հ. Մեղապարտի անվան հուշամեդալներով, “Արծիվ մահապարտներ” ՀՄ պատվոգրով, բազմաթիվ այլ պատվոգրերով և շնորհակալագրերով:
Սասուն Գրիգորյանի՝ վաստակաշատ գրողի, հրապարակախոսի, նվիրյալ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա նրա մտերիմների, գրչակից ընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում:
Հայաստանի գրողների միության վարչություն