ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կյանքի 77-րդ տարում վախճանվեց անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, 1968-ից ՀԳՄ անդամ Ռուբեն Հովսեփյանը:
Ռուբեն Հովսեփյանը ծնվել է 1939թ. մայիսի 5-ին, Երևանում: 1962-ին ավարտել է Երևանի համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1965-66թ.թ. աշխատել է ,,Ավանգարդ,, թերթում որպես արվեստի և գարականության բաժնի վարիչ, 1970-74-ին` ,,Սովետական գրականություն,, ամսագրում` արձակի բաժնի վարիչ: 1974-75թ.թ. սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1975-76թ.թ. եղել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1980-81-ին` ,,Սովետական գրականություն,, ամսագրի գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, 1981-82 –ին` ,,Սովետական գրող,, /այժմ ,,Նաիրի,,/ հրատարակչության գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, ապա գլխավոր խմբագիր:1988-89թ.թ. ընտրվել է ՀԳՄ վարչության քարտուղար: 1989-ից ,,Նորք,, հանդեսի տնօրենն էր, ապա գլխավոր խմբագիրը: Եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1965թ. հրատարակել է ,,Որոնումներ,, խորագրով վիպակների և պատմվածքների առաջին ժողովածուն: Այնուհետև հաջորդել են ,,Երկու վիպակ,, /1970/, ,,Ամենատաք երկիրը,, /1977/, ,,Երկար, հրաշալի օր,, և ,,Ճայերը,, /1980/, ,,Որդան կարմիր,, /1984/, ,, Ծիրանի ծառերի տակ,,
/2006/, ,,Նռներ,, /2016/ և այլ ժողովածուները: Ռ. Հովսեփյանի սցենարներով ,,Մոսֆիլմում,, և ,,Հայֆիլմում,, նկարահանվել են ,,Հնձան,,/1973/, ,,Ամենատաք երկիրը,,/1983/ , ,,Ապրիլ,, /1985/, ,,Խնձորի այգին,,/1985/ ֆիլմերը:
Ռուբեն Հովսեփյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով: Հայ ընթերցողին նրա թարգմանությամբ ներկայացվել են Գաբրիել Գարսիա Մարկեսի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի ստեղծագործությունները:
Ռուբեն Հովսեփյանի վաստակը բարձր է գնահատվել պետության կողմից և ընթերցողների շրջանում: Արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան /1980/, Հրանտ Մաթևոսյանի անվան /2010/, ՀՀ նախագահի /2006/ մրցանակների, պարգևատրվել է ,,Մովսես Խորենացի,,/2009/, և ,,Երախտագիտության,, /2016/ մեդալներով: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 18:00-20:00-ն, Համազգայի թատրոնի շենքում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի գրողների միության շենքում: