ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
78 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց անվանի բանաստեղծ Ռազմիկ Պողոսյանը£ Ռ. Պողոսյանի պոեզիան ավելի քան կես դար գրականագետների և ընթերցողների ուշադրության կենտրոնում է, գնահատվում է ըստ արժանվույն£ Հարուստ կենսագրություն ունի մեր գրչակից ընկերը£ Ծնվել է 1937 թ. հունիսի 28-ին՝ Սպիտակի շրջանի Քարաձոր գյուղում: 1961 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
1969 թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է: 1974 թ. ընտրվել է ՀԳՄ Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար և բաժանմունքը ղեկավարել մինչև 1990 թվականը: 1990-1998 թթ. եղել է Վանաձորի թիվ 46 պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրենը, իսկ 2002-2006 թթ.՝ Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրենը: Բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով, 1964 թ.-ին արժանացել է ՀԳՄ մրցանակի, 1997 թ.` ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակի, իսկ 2010 թ. «Մասրածաղկի բույրը» գրքի համար` ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակի:
Հայ գրականության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ 2012-ին Ռ. Պողոսյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի£ Մեդալը բանաստեղծին է հանձնել ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը£ «Ռազմիկ Պողոսյանի յուրաքանչյուր նոր գիրք նոր հայացք է կյանքին, իրականությանը£ Ուրախ եմ, որ բանաստեղծն արարում է բյուրեղացված, մաքուր լիրիկա՝ իր ինքնատիպությամբ և խոսքի հզոր ուժով»,- շնորհավորելով հոբելյարին՝ նշել է Լ. Անանյանը£
2007 թ. Ռ. Պողոսյանը պարգևատրվել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» ոսկե մեդալով, նույն թվականին արժանացել է «Բնության և հասարակության մասին» միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման: Մի քանի անգամ ընտրվել է Կիրովականի քաղխորհրդի պատգամավոր:
Ռ. Պողոսյանի հրատարակած ամեն գիրք մի հայտնություն էր ընթերցողի համար£ 1965-ին լույս է տեսել բանաստեղծի առաջին գիրքը՝ «Գարնանային նվագներ», 1974-ին՝ «Բանաստեղծություններ», 1980-ին՝ «Մի ափ հող», 1986-ին՝ «Կարոտը սահման չունի», 2004-ին՝ «Ճերմակ-ճերմակ քրիզանթեմ», 2010-ին՝ «Մասրածաղկի բույրը», 2013-ին՝ «Թռչունների պատարագը» բանաստեղծությունների ժողովածուները:
Ռ. Պողոսյանն այն բացառիկ բանաստեղծներից էր, ովքեր անկախ տարիքից կենսունակ են և անընդհատ նոր շերտեր են բացում պոեզիայի աշխարհում£ Ռազմիկ Պողոսյանն իր անջնջելի հետքն է թողել հայ պոեզիայի անդաստանում և երկար կհիշվի ոչ միայն իր հարազատների, այլև գրչակից ընկերների, հազարավոր ընթերցողների կողմից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ