ՋԱՎԱԽՔ, ԳԱՆՁԱ. ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

ՋԱՎԱԽՔ, ԳԱՆՁԱ. ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ
Բանաստեղծի ծննդավայրում տեղի ունեցող ավանդական գեղեցիկ այս տոնին, որն անցկացվում էր արդեն 52-րդ անգամ, երեկ ևս իր մասնակցությունը բերեց Հայաստանի գրողների միության պատվիրակությունը, այս անգամ հետևյալ կազմով՝ բանաստեղծներ Հարություն Հովնաթան, Կորյուն Առաքելյան, Լևոն Բլբուլյան, արձակագիր Դավիթ Սարգսյան: Տարբեր տարիների էլի եմ առիթ ունեցել մասնակցելու տերյանական օրերին, նաև խոսք ասելու, և ահա ուրախությամբ տեսա, որ այն նույնքան բազմամարդ էր, նույնիսկ՝ էլ ավելի՛, և Գանձային հարակից ընդարձակ լեռնադաշտում ներկա էին բոլոր սերնդի ներկայացուցիչներ՝ ծերունազարդ մարդկանցից մինչև պատանիներ ու մանուկներ: Սա նորից ու կրկին վկայում է այն մասին, որ Վահան Տերյանի նկատմամբ սերը, նրա ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը նույնքան վառ են ու արթուն ,և նվիրական դարձած այդ վայրում, անկասկած, նրա երկրպագուների դեռ նորանոր սերունդներ են հաջորդելու իրար: Հրաշալի քնարերգուն, հասարակական-քաղաքական անխոնջ գործիչը մեր այն մեծերից է, ովքեր իրենց ստեղծագործություններով, գաղափարներով, հայրենիքի նվիրյալի լուսավոր կերպարով մշտաներկա են մեր օրերում ևս ու կարևոր դասեր են տալիս, օգնում կողմնորոշվել բարդ այս ժամանակներում: Վստահորեն կարելի է ասել, որ նրա ,,Հոգևոր Հայաստան,, և ,,Հայ գրականության գալիք օրը,, մեկը մյուսից խորունկ, տարողունակ, կարելի է ասել, ծրագրային հոդվածները մազաչափ իսկ չեն կորցրել հնչողությունը , իրնց առաջադրած գաղափարներով ու արծարծած խնդիրներով նույնքան արդիական են, ճանապար հուշող ու թելադրող, ինչպես ավելի քան 100 տարի առաջ: Նույն վստահությամբ կարելի է ասել, որ տասնամյակներ շարունակ Տերյանը մնում է այն բանաստեղծներից, ում շատ տողեր պատանեկան տարիներից ուղեկցում են մեզ, ու դժվար թե գտնվի մեկը, անկախ տարիքից ու զբաղմունքից, որ առիթը ներկայանալիս, տեղնուտեղը անգիր տողեր ու ամբողջական բանաստեղծություններ չարտասանի նրանից ( մենք հաճույքով ևս մեկ անգամ համոզվեցինք դրանում, երբ բանաստեղծի տուն-թանգարանում հեռուստալրագրողը խոսափողը պարզելով, ստուգում էր այցելուների իմացությունը): Ու էլի մի բան ամենայն վստահությամբ կարող եմ ասել,ելնելով և՛ իմ անձնական, և՛ գրչընկերներիցս շատերի փորձից. երբևէ պոեզիայի աշխարհ մուտք գործած յուրաքանչյուր բանաստեղծ (հազիվ թե բացառություններ շատ լինեն) իր ստեղծագործական կյանքի առնվազն ինչ-որ փուլում, իսկ երբեմն և ողջ կյանքում,նրան իր ուսուցիչն է համարում: Տառացիորեն օրերս համացանցում հուզմունքով կարդացի Համո Սահյանի հարցազրույցներից մեկը, ուր թղթակցի այն հարցին, թե եթե ժամանակը գա ու նա թողնի այս աշխարհը, ի՞նչ գիրք կվերցնի իր հետ, խոսքի մեծ վարպետն անվարան պատասխանում է՝ Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն… Ուրեմն՝ մեր սերն ու խոնարհումը Վահան Տերյան մեծ հային , բանաստեղծին ու գործչին, ով, ինչպես Պարույր Սևակն է ասում ,,Ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին,, ու, իմ խորին համոզմամբ, ժամանակի միջով շարունակում է իր այդ վերին առաքելությունը:
Լևոն Բլբուլյան