Պոեզիայում զուգահեռները խաչվում են

Պոեզիայում զուգահեռները խաչվում են
Սեպտեմբերի 19-ին ՀԳՄ Մեծ դահլիճում, «Գրական տապանի» շրջանակներում, տեղի ունեցավ Լեհաստանում և Հայաստանում տպագրված գրքերի, այդ թվում նաև «Որպես ձեռքսեղմում» լեհական պոեզիայի անթոլոգիայի (թարգմ.` Գագիկ Դավթյան) շնորհանդեսը` լեհ բանաստեղծների մասնակցությամբ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում ներկայացրեց թարգմանիչներ Կալինա Իզաբելա Զիոլային և Դարիուշ Տոմաշ Լեբյոդային, ովքեր վերջին տարիներին բազմաթիվ գրքեր են հրատարակել Հայաստանի մասին, թարգմանել են հայ գրողների ստեղծագործություններ, կազմել անթոլոգիաներ, ինչպես նաև հրատարակել առանձին գրքեր: Ապա նրանց հանձնեց ՀԳՄ պատվավոր անդամի տոմսեր և պարգևատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով: «Ամեն մի բարեկամություն այնքանով է լավ, որ շարունակության սերմ, ջիղ ունի իր մեջ, և ամեն մեկս պիտի պատրաստ լինենք մի աղյուս դնելու այդ բարեկամության պատին»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և կարդաց Լեհաստանում հրատարակված հայերեն-լեհերեն անթոլոգիայի «Պոեզիայում զուգահեռները խաչվում են» խորագրով առաջաբանը, որտեղ մասնավորապես ասվում է, որ հայերի մուտքը Լեհաստան սկսվել է վաղ միջնադարից, և նրանցից ոմանք զգալի հետք են թողել լեհական պատմության էջերում՝ որպես գործիչ ու արվեստագետ: Ապա անդրադառնալով անթոլոգիաներին` շեշտեց. «Պոեզիայում զուգահեռները խաչվում են, ինչպես հիմա խաչվում են հայ և լեհ ժողովուրդների լեզուներում թրծված բանաստեղծական հզոր երակները»:
ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին անդրադարձավ լեհ-հայկական մտավոր, հոգևոր և մշակութային կապերին` նշելով, որ Լեհաստանի դեսպանությունը խրախուսում և աջակցում է բանաստեղծությունների թարգմանությանը հայերենից լեհերեն և լեհերենից հայերեն, քանի որ դա է միմյանց ընկալելու միջոցը: Ապա տեղեկացրեց, որ 2017 թ. նշվելու է Լեհաստանում հայկական համայնքի պաշտոնական ձևավորման 650-ամյակը ոչ միայն Լեհաստանում, այլև Ուկրաինայում: «Վեց դար շարունակ հայերը համաստեղծում են լեհական պատմությունն ու մշակույթը` հարստացնելով դրանք և հասարակական կյանքը: Կալինա Զիոլայի և Դարիուշ Լեբյոդայի բանաստեղծությունները վկայում են, որ մենք միասնական քաղաքակրթության անդամ ենք»,- ասաց նա և հավելեց. «Ոչինչ այնպես չի արտացոլում անձնական և հասարակական հույզերը, ինչպես պոեզիան: Կցանկանայի, որ հայերի և լեհերի միջև ձեռքսեղմումը լինի շատ ամուր»:
Շնորհանդեսի ընթացքում Դարիուշ Լեբյոդան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին պարգևատրեց Կլեմենս Յանիցկիի անվան գրական մրցանակով՝ «Որոնումներ» (լեհերեն) գրքի համար, իսկ Գագիկ Դավթյանին շնորհեց «Հոմեր» մեդալը:
Կալինա Զիոլան ներկայացրեց Գ. Դավթյանի պոեզիան, ապա նրան փոխանցեց Բուլղարիայի գրողների միության անդամակցության գրքույկը:
Գրականագետ Հասմիկ Սարգսյանը հանդես եկավ լեհ բանաստեղծներ Կալինա Զիոլայի և Դարիուշ Լեբյոդայի ստեղծագործությունների գրականագիտական վերլուծությամբ:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը խոսեց լեհական պոեզիայի հետ իր հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել Չեսլավ Միլոշի բանաստեղծություններով: Ապա անդրադառնալով հրատարակված անթոլոգիաներին` նշեց, որ Կալինա Զիոլան և Դարիուշ Լեբյոդան Արցախից ու Հայաստանից քաղած իրենց էներգիան, հույզերն ու ապրումները վերածեցին բանաստեղծության` Հայաստանն ինչ-որ չափով հանրահռչակելով իրենց երկրում, ինչպես նաև հարգանքի տուրք տալով մեր երկրին, որ հյուրընկալել է իրենց և տվել թարմ շնչառություն, ինչը երևում է «Սառույցի պես փխրուն» և «Հավատով նայեմ Արարատին» գրքերում: «Անթոլոգիաները ինձ համար դուռ են կամ պատուհան՝ գրականություն մուտք գործելու համար: Այս գրքերը կդառնան այդ դուռը և կնպաստեն, որ մեր գրականությունները շատ ավելի սերտ հարաբերակցվեն իրար հետ»,- ամփոփեց Ա. Ավանեսյանը:
Հայ-լեհական բարեկամության շուրջ ելույթ ունեցավ նաև բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը: Կալինա Զիոլայի և Դարիուշ Լեբյոդայի բանաստեղծությունները կարդացին Աննա Գարեգինյանը և Նարեկ Մարգարյանը:
Էդվարդ Միլիտոնյանն այնուհետև ներկայացրեց ուկրաինացի հյուրերին` Ուկրաինայի դասական բանաստեղծ, հայ գրականության բարեկամ Իվան Դրաչին և թարգմանիչ Օլեսանդր Բոժկոյին: Ժամանակակից պոեզիայի հանրաճանաչ դեմք Իվան Դրաչը խորհրդային տարիներից հայտնի է հայ գրականության մեջ: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են հայերեն, իսկ Պ. Սևակի բանաստեղծությունների ժողովածուն նա թարգմանել է ուկրաիներեն: Նրա տասհատորյակից մեկը նվիրված է Հայաստանին: «Դրաչը հիացած էր հայ գրականությամբ, մշակույթով և իր հիացմունքը արտահայտում էր թարգմանությունների միջոցով: Նա կարծում է, որ հայ պոեզիան արժանի է իր տասհատորյակի մեջ առանձին հատորով ներկայացվելու »,- ասաց Օլեսանդր Բոժկոն:
Ելույթ ունեցավ նաև Իվան Դրաչը` շնորհակալություն հայտնելով Հայաստան երկրին՝ հոգևոր սնունդ տալու համար, սկսած Նարեկացուց մինչև Պարույր Սևակ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ