Պոեզիայով ապրելով – ապրեցնելով

Պոեզիայով ապրելով – ապրեցնելով
Մարտի 21-ին, ՀԳՄ-ի և Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ, ՀԳՄ-ի` Լ. Անանյանի անունը կրող Պոեզիայի պուրակում, որը հիմնադրվել է 2013 թ. ապրիլի 16-21-ը Երևանում պոեզիայի միջազգային առաջին փառատոնի մասնակիցների կողմից, տեղի ունեցավ գրական ցերեկույթ` նվիրված Պոեզիայի միջազգային օրվան:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց, որ 1999 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի միջազգային օր` նկատի ունենալով այն ժողովուրդների փորձը, ովքեր պոեզիան սիրում են հացի պես: «Այսօր հավաքվել ենք ապացուցելու, որ մենք ունենք լավ բանաստեղծություն, ունենք դասական և ժամանակակից հրաշալի պոեզիա»,- ասաց նա և հորդորեց ընթերցել և գնահատել այն գիրը, որը ստեղծում են պոետները:
Կենտրոն վարչական շրջանի կրթության և մշակույթի բաժնի աշխատակից Շողանե Մելքոնյանն ընդգծեց, որ նման միջոցառումները կազմակերպվում են բանաստեղծների ճանաչելիությունը բարձրացնելու և ժամանակակից գրողներին լսելի դարձնելու նպատակով: «Պոեզիան մտորելու, ոգևորելու, խոսքով ապրելու և ապրեցնելու մեծ հնարավորություն է տալիս»,- ամփոփեց նա:
Իրենց բանաստեղծությունները կարդացին Արևշատ Ավագյանը, Սուրեն Մուրադյանը, Բագրատ Ալեքյանը, Անուշ Վարդանյանը, Լևոն Բլբուլյանը, Գոհար Գալստյանը, Շանթ Մկրտչյանը, Թադևոս Տոնոյանը, Հերմինե Նավասարդյանը, Վահե Արսենը:
Ելույթ ունեցան նաև Մ. Իշխանի, Մ. Նալբանդյանի, Վլ. Մայակովսկու, Ալ. Պուշկինի, Տ. Շևչենկոյի, Գ. Էմինի, Ե. Չարենցի անունները կրող դպրոցների աշակերտները` յուրովի ներկայացնելով հայ մեծանուն գրողների բանաստեղծությունները, նրանց բառերով գրված երգերը:
Ցերեկույթը վարում էր Շողանե Մելքոնյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ