Պատմամշակութային հուշարձանների պահպանում

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի շրջանակում հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն անձամբ են քաղաքացիներին իրազեկել նրանց իրավունքների ու պարտականությունների մասին:

 «Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում»: Այս շենքի սեփականատեր կամ բնակիչ լինելը բարեբախտություն է, բայց և ենթադրում է որոշակի պատասխանատվություն և պարտավորություն պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Խնդրում ենք զգուշությամբ և սիրով վերաբերվել այս կառույցին…».-այս բովանդակությամբ իրազեկման նամակի առաջին հասցեն Բաղրամյան 8-ն էր, հասցեատերերը՝ հայ օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի թոռնուհիները՝ Հայկանուշ և Նատալյա Խաչատրյանները, որոնք էլ այժմ բնակվում են նշյալ հասցեում գտնվող հուշարձան-շենքում:
Արշավի խորհրդանշական մյուս հասցեն Գրողների միության շենքն էր:

«Նախարարության գաղափարներից մեկն է իրազեկել քաղաքացիներին հուշարձան-շենքերի հետ կապված իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Երևանում այսօր առաջին օրն է, որ անում ենք այս խորհրդանշական քայլը: Շատ հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ քաղաքացիները պարզապես տեղյակ չեն լինում, թե այդ հուշարձան-շենքի հետ ինչպես պետք է վարվեն և շինարարության ու ձևափոխումների ժամանակ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, և դա հանգեցնում է հուշարձանի աղճատմանը».-ասել է նախարար Ա. Հարությունյանը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Նարինե Խաչատուրյանը շրջեցին Գրողների միության առաջին և երկրորդ հարկերում, ծանոթացան գրողների միությունում գտնվող մշակութային առժեքներին: