ՈՉ ԹԵ ԿՅԱՆՔԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ, ԱՅԼ՝ ԿՅԱՆՔԸ ՈՒՂՂՈՐԴՈՂ

ՈՉ ԹԵ ԿՅԱՆՔԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ, ԱՅԼ՝ ԿՅԱՆՔԸ ՈՒՂՂՈՐԴՈՂ

Դեկտեմբերի 14-ին ՀԳՄ կլոր սրահում ՀԳՄ արձակի և հրապարակախոսության բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ապրելու վճիռ» («Գրական թերթում» վերջին չորս տարիների ընթացքում տպագրված հրապարակախոսական նյութերի ընտրանի) գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, կարևորելով գրքի նախաձեռնությունն ու լույսընծայումը, ընդգծեց, որ չորս տարվա ընթացքում «Գրական թերթը» ոչ թե կյանքին համընթաց, այլ կյանքն իր մեջ կրող և կյանքը ուղղորդող հրապարակախոսական նյութեր է տպագրել: «Ամեն մարդու է ուղղված հրապարակախոսությունը, ընթերցողը եթե ընկալի գրի էությունը, ճշմարիտ ուղիներ կփնտրի իր, ժողովրդի և պետության համար: Պետք է ընկալել ճշմարտությունը. այն կա՛մ կա, կա՛մ չկա, ավելի կամ պակաս չի լինում: Կարծում եմ՝ 17 հեղինակներն էլ խղճով, գրչով, հավատամքով, բանավոր խոսքով միշտ էլ հետամուտ են եղել ճշմարտությանը»,- շեշտեց Էդ. Միլիտոնյանը և հավաստիացրեց, որ այս գիրքը կարող է լինել ժամանակի վկայագրում-վկայակոչում:
ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանի կարծիքով՝ ժողովածուում ընդգրկված հոդվածները կարևոր հիմնախնդիրներ են բարձրացրել, երբեմն լուծումներ առաջարկել՝ մշտապես մատը պարզած հեղինակի, երկրի, մարդու ցավի վրա:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանը բարդ ժանր համարեց հրապարակախոսությունը, քանի որ գրողը պետք է կարողանա թափանցել հիմնախնդրի խորքը, տեղում ուսումնասիրել, մարդկանց հետ խոսել, ինքն իր մեջ վերլուծել, շարադրել և լուծումներ առաջադրել՝ ի տարբերություն գեղարվեստական գրականության: «Հրապարակախոսության հիմնական նպատակն է՝ ձեռքը դնել նյարդի վրա, օգնել տեսնելու եղած ցավը և փորձելու լուծումներ գտնել»,- ասաց Պ. Դեմիրճյանը և հավելեց, որ մի ժողովածուում հավաքված հրապարակախոսական նյութը շատ ավելի ազդեցիկ է ու օգտակար, քան եթե սփռված է մամուլում:
«Գրքում ամփոփված բոլոր հեղինակները մատը դրել են այն կետի վրա, որն այդ պահին եղել է մեր հանրությանն անհանգստացնող երևույթ»,- նկատեց արձակագիր Ալիս Հովհաննիսյանը՝ փաստելով, որ այս յուրատեսակ ժողովածուի նյութերից երևում է, թե որտեղ են մեր ժամանակակից գրողներն ու որն է նրանց արձագանքը մեր երկրի և աշխարհի կարևոր իրադարաձություններին։
Դրամատուրգ, «ԳԹ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը, շեշտելով, որ «Գրական թերթը» մեր ժամանակի, մեր ապրած կյանքի արդարացումն է, ասաց. «Այս տարիներին, ի պատիվ մեզ, մենք չենք լռել, ասել ենք այն, ինչը չասելու իրավունք չունեինք: Բանաստեղծ ես, թե արձակագիր, բայց քաղաքացի լինել պարտավոր ես»:
Ելույթ ունեցան նաև Նանեն, Գրիգոր Ջանիկյանը, Ռուզան Ասատրյանը, Գոհար Գալստյանը, Արևշատ Ավագյանը, Լիլիթ Անտոնյանը, Կարինե Աշուղյանը, Անահիտ Արփենը, Վահան Սաղաթելյանը, Պերճուհի Ավետեանը, Հերմինե Նավասարդյանը:
Ծրագիրը ներկայացրել են Ալիս Հովհաննիսյանն ու Նանեն: Ժողովածուն տպագրել է ՀԳՄ հրատարակչությունը (ՀԳՄ հովանավորությամբ):
Ժողովածուում ընդգրկված է 17 հրապարակախոս-հեղինակի մեկ կամ երկուական հոդված: Գրքում ներկայացված նյութերը հինգ ենթավերնագրերի ներքո են հավաքված՝ «Մեր ստվերների ստվերում», «Մենք և աշխարհը», «Մայր հողին հավատարիմ», «Հոգու մշակույթ», «Թավշյա օրեր»։ Գիրքը երկու այլ վերնագրեր էլ ունի՝ «Մեր փրկությունը մեր ձեռքերում է» և «Քայլք գրչով»:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ