ՆՈՐ ԳՈՒՅՆ, ՆՈՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՈՐ ԳՈՒՅՆ, ՆՈՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում ՀԳՄ թարգմանական բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կառա Չոբանյանի գրքերի (Գ.Գ. Մարկես «Նահապետի աշունը» և այլն, թարգմանությունը՝ իսպաներենից) քննարկումը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գնահատելով «Նահապետի աշունը» գրքի՝ բնագրից կատարված թարգմանությունը, անդրադարձավ Ռուբեն Հովսեփյանի թարգմանությանը՝ շեշտելով, որ Մարկեսի լեզվական, գրողական հմտությունները, իմացությունները Ռ. Հովսեփյանը կարողացել է փոխանցել հայերենով, քանի որ որոշակի իմաստով նաև մարկեսյան մտածողության, առասպելաբանված գիտակցության կրողն էր:
Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը փաստելով, որ եթե Խորհրդային տարիներին ռուսերենով միջնորդավորված թարգմանություններ են հրատարակվել, ապա այսօր կարող են թարգմանվել բնագրից՝ առանց միջնորդավորման, տեղեկացրեց, որ «Նարցիս» ամսագրի գրեթե յուրաքանչյուր համարում Կառա Չոբանյանը որևէ իսպանալեզու գրողի ստեղծագործություն է ներկայացրել, որոնք հետագայում հավաքվել են մի գրքի մեջ՝ «Իսպանալեզու պատմվածք» խորագրով: Փաստելով, որ թարգմանական գրականությամբ հայ գրականությունն ամեն անգամ մի նոր գույն, մտածելակերպ է ստանում, Շ. Մկրտչյանը վստահեցրեց, որ Կ. Չոբանյանը կարողանում է հաղթահարել և բարդ, անստորակետ, անվերջակետ, ծավալվող պարբերությունները բերել, տեղ հասցնել:
«Գեղարվեստի չափը երբեք չխախտելով՝ Կառան կարողացել է այդ վեպը հայացնել»,- ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ նշելով, որ լեզվամտածողության նոր շերտեր են հայտնաբերվում այս վեպով:
Ելույթ ունեցան նաև գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանը, Վարուժան Ավետիսյանը, Թամար Հովհաննիսյանը, Աշոտ Գաբրիելյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Կառա Չոբանյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ