Մշտապես ներկա

Մշտապես ներկա
Փետրվարի 22-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի ունեցավ բանաստեղծ Վահագն Դավթյանի մահվան 20-ամյակին նվիրված հիշատակի հանդիսու­թյուն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով բազմաժանր գրող Վահագն Դավթյանի բանաստեղծությունները, պոեմները, հիշողությունները, հոդվածները, թարգմանությունները, նշեց, որ նա այն սերնդի ներկայացուցիչ էր, որը Չարենցից և մյուս մեծերից հետո կտրված տեղից գրականությունը շարունակելու առաքելությունը պիտի ունենար: Նա ընդգծեց այն փաստը, որ Վ. Դավթյանը Գրողների միության նախագահ եղավ շատ բարդ ժամանակներում, երբ կառույցը զրկված էր պետական միջոցներից, դժվար էր ԳՄ-ի շենքը պահելը, գրողների հոգսերը, ցավերը հոգալը, ստեղծագործական խնդիրները լուծելը:
Նա անդրադարձավ Վ. Դավթյանի հիմնադրած և հրատարակած «Հայրենիքի ձայն» թերթին, որի էջերում առաջնահերթ արծարծվում էր Սփյուռք-Հայաստան գրական-մշակութային կապը` հրաշալի կամուրջ դառնալով հայության երկու հատվածների համար: «Վահագն Դավթյանը այն հեղինակն է, որն իր լուսավոր դեմքով մշտապես կլինի մեր գրականության մեջ»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
«Լինելով նույնքան տաղանդավոր, որքան իր գրչակիցներ Հ. Սահյանը, Պ. Սևակը և ուրիշներ, դժբախտաբար, Վ. Դավթյանը չունեցավ իր անձնական քարոզիչը: Մեր ժամանակների համար գոյություն ունեցող քարոզչական մեքենան նրա համար չի աշխատում»,- ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը և հավելեց, որ գրողի բանաստեղծությունը, վաստակը, ժառանգությունը այն մասսայականությամբ չի սփռվում, որին նա արժանի է: Ռ. Դավոյանն ընդգծեց Վ. Դավթյանի խանդն ու նախանձախնդրությունը գրական չափանիշները և ճաշակը պահպանելու գործում:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, փաստելով, որ ժամանակին Վ. Դավթյանը գնահատվելու պակաս չի ունեցել, խոստովանեց, որ գնահատության առումով գրականագիտությունը պարտք է 1988 թ.-ից հետո, երբ բանաստեղծը փոխվում է իր մտածողությամբ, իր հոգեբանությամբ, և նրա գործերում նոր շեշտեր, ներքին խռովքներ, տագնապներ են ավելանում: «Մի հույս կար, որ երբեք չէր մեռնում նրա մեջ: Նա վեր բարձրացավ բոլոր ներքին անձնական խռովքներից և ազգային ցավերը կարողացավ տանել հանուն այն իդեալի, որ ժողովրդինն էր, ամեն մի հայինը»,- ասաց Պ. Դեմիրճյանը և հույս հայտնեց, որ ապագայում արժանին կմատուցվի նրա և՛ կերպարին, և՛ ստեղծագործությանը:
Արտաշես Արամն իր խոսքն ուղղեց հատկապես նոր սերնդին, որ քայլ է անում դեպի պոեզիա, մշակույթ, շեշտելով, որ նրանց պետք է մեր մեծերի, Վ.Դավթյանի հոգու լույսը, որպեսզի չխարխափեն ու մնան այս երկիրը կառուցողն ու շենացնողը:
Ելույթ ունեցան նաև գրականագետ Ա. Ափինյանը, Վ. Դավթյանի անունը կրող թիվ 149 դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը և ուրիշներ: Իսկ դպրոցի աշակերտները ներկայացրին գրական կոմպոզիցիա «Անկեզ մորենի» գրքից: Վ. Դավթյանի բանաստեղծություններից ասմունքեց Սիլվա Յուզբաշյանը:
Վ. Դավթյանի հուշարձանի շուրջը Հին Արաբկիրից բերված հող ու ջուր լցրեցին բանաստեղծի ծոռներ Հայկ և Գայանե Բադալյանները: