Մշակութային կամուրջներ

 

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ -Բյոդեքեր» միության հարավերով  հոկտեմբերի 13 -17- ը   ամենամյա Միջազգային գրական ընթերցումներին էին մասնակցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը: Այս տարի ընթերցումների թեման էր՝ «Քաղաքակրթության ընդհատում – 100 տարի հետո»:

Գրական ընթերցումների բացումը  տեղի ունեցավ Մեղզեբուրգում: Ներկայացվեցին հայ գրողները և կամբոջացի Սոննի Թետը, որ երաժիշտ էր և Յուրգեն Յանկովսկու  հետ  «Աննա և Սովաննի»  գերմաներեն  – քմերեն գրքի համահեղինակը: Էդվարդ Միլիտոնյանը խոսեց Հայաստանի գրողների միության և «Ֆրիդրիխ -Բյոդեքեր» միության համագործակցության մասին: Նա նշեց, որ «Ֆրիդրիխ -Բյոդեքեր» միության հետ համագործակցության շնորհիվ տեղի են ունենում գրողների փոխայցելություններ և մասնակցություն գրական փառատոններին: Տպագրվել են հայ և գերմանացի գործընկերների ստեղծագործությունների անթոլոգիաներ հայերեն ու գերմաներեն լեզուներով, նախատեսվում է երկու գրքերի տպագրություն ևս՝  հայ և գերմանացի դպրոցականների «Այլևս երբեք ցեղասպանություն» թեմայով գրած շարադրությունների և ցեղասպանության ընթացքում զոհված հայ գրողների ստեղծագործությունների: «Ֆրիդրիխ -Բյոդեքեր» միության նախագահ  Յուրգեն Յանկովսկին կարդաց  գերմաներեն հայ և գերմանացի դպրոցականների ցեղասպանության  թեմայով գրած տեքստերը: Ներկա  էին բանաստեղծներ Վիլհելմ Բարչը, Սիմոնե Թրիդերը, Քրիստինե Հոբան: Գրական ընթերցումների մասին «Միթլդոյչե ցայթունգ» թերթում լույս տեսավ հոդված:

Հոկտեմբերի 14-ին գրական ընթերցումը Բեռլինում էր՝ Սաքսոնիա-Անհալթի երկրամասային ներկայացուցչությունում: Հայ գրողների հետ  ընթերցմանը մասնակցում էին սիրիացի գրողներ Ֆարաջ Բայրաքդարն ու Վահիդ Նադերը և կամբոջացի Սոննի Թետը:Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին գրողների ստեղծագործությունները:          Հոկտեմբերի 15-ին Մագդեբուրգի Գրականության տանը  տեղի ունեցավ «Առաջին համաշխարհային պատերազմից 100 տարի հետո» թեմայով ընթերցում և քննարկում : Յուրգեն Յանկովսկին ներկայացրեց  հայ գրողներին՝ պատմելով համագործակցության, արդյունքների և հետագա ծրագրերի մասին: Էդվարդ Միլիտոնյանը կարդաց զեկուցում՝  «100 տարի հետո» թեմայով: Նա ասաց. «Հարյուր տարի առաջ սկսվել է մարդկության պատմության հերթական մի պատերազմ, որն իր ընդգրկմամբ, ծավալներով, ժողովուրդների ու երկրների, կայսրությունների մասնակցությամբ և, բնականաբար, զոհվածների քանակությամբ չի ունեցել իր նախադեպը, այդ իսկ պատճառով թվագրվել է Առաջին համաշխարհային պատերազմ։ Այժմ վերոնշյալ պատերազմը դասի է վերածվել պատմության մասին դասագրքերում, հանգիստ ապրում է շատ երկրների ու մարդկանց հիշողության մեջ, անգամ ստվերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ահեղ մսաղացի ետևում, սակայն մի ժողովուրդ կա, որի համար դառն ու սարսափելի և շարունակական ներկայություն է պարտադրել այդ Առաջինը, որի ընթացքում, 1915 թվականին, տարբեր երկրների շահերի ու խարդավանքների թատերաբեմում ողբերգության արարի վերածվեց Օսմանյան Թուրքիայի հազարավոր տարիներ հայաբնակ, մեզ համար՝ պատմական Արևմտյան Հայաստան կոչվող հատվածը։ Թուրքական յաթաղանի ու հրացանազարկերի տարափից տեղահանվեցին և ապա կոտորվեցին 1.5 միլիոն հայեր»: Այնուհետև նա կարդաց թեմային առնչվող բանաստեղծություններ: Բանաստեղծությունները գերմաներեն ներկայացրեց ՕԴԱ ամսագրի խմբագիր Անդրե Շինքելը: Հերմինե Նավասարդյանը իր ելույթում  նշեց, որ  մարդկության պատմությունը երկարատև պատերազմների ու կարճատև խաղաղությունների պատմություն է: Նա կարևորեց ճշմարիտ խոսքը՝ իբրև խաղաղության ակունք:  Սիրիացի բանաստեղծ Ֆարաջ Բայրաքդարը խոսեց  սիրիական պատերազմի մասին՝  անդրադառնալով  տարբեր երկրների ունեցած  քաղաքական շահերին: Նա  նշեց  տարբեր երկրների գրողների հանդիպումների կարևորությունը, որը կարող է խաղաղություն տարածել աշխարհում: Մասնակցում էին նաև բանաստեղծուհի Լիազա Մայերը՝ Ավստրիայից, Միտե Շտեֆոսկին՝ Մակեդոնիայից, որի ստեղծագործությունները թարգմանում էր Կորնելիա Մաքսը և Ջենտիան Կոկոլին՝ Ալբանիայից,  որի բանաստեղծությունները, ինչպես նաև պատերազմի մասին  ալբանացի  բանաստեղծների ստեղծագործությունները ներկայացրեց  Էխարդ Պիստրիկը՝ Սաքսոնիա-Անհալթից:

Հոկտեմբերի 16-ին Մագդեբուրգում տեղի ունեցավ Սաքսոնիա – Անհալթի գրողների միության հավաքը , որտեղ  իրենց ստեղծագործությունները ընթերցեցին Լիազա Մայերը և Հերմինե Նավասարդյանը: Գրադարանային միությունների երեկույթի  ընթացքում  հայ գրողները հանդիպեցին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհի  հետ: Նա ողջունեց համագործակցությունը երկու երկրների գրողների միությունների միջև և հայտնեց հաջորդ շաբաթ իր Հայաստան այցելության մասին:

Հոկտեմբերի 18-ին հայ գրողները մասնակցեցին Զալցկրայս երկրամասի դպրոցականների ստեղծագործությունների «Իմ երազանքների երկիրը» գրքի շնորհանդեսին: Գերմանացի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց գրքերի տպագրության և 2015 թ. մայիսին Գերմանիայում կայանալիք ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին ներկայացման մասին:

Վերադարձի ճանապարհին՝ Վիեննայում հայ գրողները հյուրընկալվեցին հայկական համայնքում,  հանդիպեցին  Ավստրիայում  ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանին,  ծանոթացան  դեսպանատանը կից մշակութային կենտրոնի գործունեությանը:  Է. Միլիտոնյանը հանդիպեց Սբ. Հռիփսիմե եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի բարձր դասարանցի աշակերտների հետ:  Հայրենիքից  հեռու մի կենտրոն է այն, որի նպատակը  հայերեն սովորելն ու հայկական մշակույթի պահպանությունն է: