ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ
Անկախությունը հայերիս համար այն հրաշեկ լույսն էր, որն անցնելով հայոց ճակատագրի վիշապների քավարանով և պատմության կուռքերից ազատագրելով պատմությունը՝ հայ ժողովրդի համար բաց արեց անբեկանելի ճանապարհ: Նա ոտաբոբիկ էր, որպես երկրաշարժի փլատակներից փրկված վտիտ մանուկ, անզեն էր արնախում թշնամու դեմ, ինչպես արդարության նժարից կառչած որբ հրեշտակ… սակայն բացվող առավոտ էր և մեզ տարավ մեծ հույսի հետևից: Անկախությունը հայերիս փրկության դուռն էր, և մենք այդ դռնով ներս մտանք՝ մեր ոտքերը մաքրելով նրա տառապանքների վրա… Գուցե այսքանով ավարտեմ խոսքս, սակայն երրորդ տասնամյակ ճանապարհ ընկած անկախության վաստակը ամեն վայրկյան թակում է մեր սթափության դուռը՝ աղաղակելով կանգնեցնել երկիրը ամայության տանող արտագաղթի հեղեղը: Նա ուրվականի նման շրջում է հայոց աշխարհի սպիտակ եղեռնի հետքերով, թակում օրեցօր մարող գյուղերի փակ պատուհանները, պարբերաբար իր մնացյալ զավակներին հավաքում Ազատության հրապարակ հենց այն պահերին, երբ իր շնորհիվ հեքիաթային հարստություն կուտակած և իրենից օտարված զավակները Ալի Բաբայի շքեղ զվարճատներում արբշիռ մոռացություններով սպանում են գալիք սերնդի օրերի լույսը: Սերունդ, որ խոնարհվելով իր քաջ նահատակների ոսկեփառ երազների առաջ, հայրենիք է պահում, որպեսզի անկախությունը չարտագաղթի…
Դառնամ ու փառաբանեմ քեզ, Անկախություն, դարավերջյան արցախյան հաղթանակով դու աշխարհի երեսից մաքրեցիր հայի սպանված հոգու մրուրը, դու վերադարձրիր Աստծով քեզ տրված ու հոշոտված հայոց Արցախը, վերականգնեցիր հայի հպարտությունը: Դու քո հողի վրա շաղ ես տվել ազգիդ հավերժություն տանող այն տաղանդավոր ու բերքատու սերմերը, որոնք ամուր թելերով կապված են աշխարհի հայության ոսկե երակին: Մենք քեզ պահելու ենք, ինչ էլ որ լինի, քո խորհրդի մեջ է հայրենիքի ներկան ու վաղը: Շնորհավոր տոնդ, երկիր, դու Արարատի առաջ ես երդվել…