ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱԶՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1946-ին, երբ մենք նոր էինք ներգաղթել Խորհրդային Հայաստան, ու խորհրդային չեկիստները ամեն գիշեր դեռևս հայրենիքը չտեսած հայրենադարձների գերդաստաններ էին աքսորում Ալթայի երկրամաս, մայրս երկու որդիներին մեծացնելու համար հյուսք էր անում ու հանդգնում էր դնդնալ.
Երբ պիտ տեսնամ Կարին
նստած հայ իշխան,
Հայ գիրերով գրեր հայոց հրաման,
Տիգրանակերտ, Մուշ, Բայազեդ, դեպի Վան`
Ղրկվեին հայոց զորքերն պահապան…

Անցել է ընդամենը 60-70 տարի, մորս անիրականանալի թվացող երազանքը մասամբ իրականացել է: Հիմա հայ զորավարները հայերեն հրամանակարգերով հայոց զորքերը պահպանելու են ուղարկում Արցախ, հայկակա՛ն Զանգեզուր, հայկակա՛ն Արարատյան հովիտ: Վերջին երկու դեպքում ես հայկականը շեշտում եմ, որովհետև խորհրդային իշխանության հատկապես փթթուն տարիներին Զանգեզուրը, Արարատյան հովիտը անդառնալիորեն ադրբեջանականանում էին, ու մենք ծպտուն չէինք հանում:
Այսինքն՝ փորձում էինք ծպտուն հանել, բայց…
Վերանկախության տարիների հրապարակագիրներն ու սյունակագիրները երջանիկ են՝ չգիտեն, թե ինչ է գրաքննությունը, չեն պատկերացնում, թե ինչպես էինք տպարանում, դիցուք, «Գրական թերթի» հերթական համարը պատրաստելուց հետո ակնդետ հետևում գրաքննիչի կարմիր մատիտի շարժումներին, որն անողոքաբար աղճատում կամ աղավաղում էր մեր ձևակերպումները: Եվ եթե փորձում էինք պաշտպանել մեր հեղինակային իրավունքները, նա թերթի դեռևս լույս չտեսած համարը տանում էր Կենտկոմ, ու կորուստներն անհամեմատ ցավալի էին լինում:
Հայաստանի Հանրապետության վերանկախացումը ոչ միայն ծայրահեղության՝ անիշխանականության հասնող ազատություն շնորհեց: Առաջին անգամ մեր Արարատյան ոստանում միլիոնատերեր, ընդհուպ միլիարդատերեր ի հայտ եկան, ինչպես նաև տնանկներ, որոնք հանուն ավուր հացի աղբանոցներն են քրքրում: Ու հատկապե՛ս, հատկապե՛ս` երկնառաք փրկիչներ, որոնք ժողովրդի դժվարին կենսավիճակը շահարկում, սին խոստումներով գայթակղում, ետևներից տանում, ոստիկանների մահակներին են հանձնում, իրենք՝ չքանում: Ու մեր՝ առանց այն էլ դժվարին կյանքը, ավելի են դժվարացնում:
Համենայնդեպս, ես հավատում եմ` մորս երազանքը լիովին իրականանալու է, հայոց զորքերը հայ զորավարների հրամանակարգերով ազատագրելու, ապա և պաշտպանելու են Տիգրանակերտը, Մուշն ու Վանը:
Այդ հավատն ինձ վերանկախացած Հայաստանի Հանրապետությունն է ներշնչում:
Իմ հայ ժողովուրդը