ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
25 տարին մեր պետականության տարիքը չէ, մեր պետականությունը դարերով է հաշվվում՝ լինելով աշխարհի ամենահին պետություններից, քաղաքակրթություններից մեկը, և մանավանդ, որ առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Բայց մեր ճակատագիրը շատ դառն է եղել, որովհետև աշխարհագրական առումով եղել ենք ամենաաննպաստ երկրներից մեկը: Նկատի ունեմ մեր մահմեդական հարևաններին, պատմության խաչմերուկում անընդհատ ռազմական բախումների տակ ընկած մեր տարածքը, որ շագրենու կաշվի նման անընդհատ փոքրացել է: Ունեցել ենք և՛ թագավորություն, և՛ անկախություն, կարողացել ենք երկու տարի, Աստծու կամոք, 1918-20 թվականներին ունենալ մեր ազգային առաջին անկախ պետությունը, որից, ի դեպ, այժմ էլ շատ բան ունենք սովորելու, որովհետև նույնիսկ մշտական ինտերվենցիայի, համաճարակների պայմաններում Հայաստանը ղեկավարում էին շատ իմաստուն այրեր: Եվ բնավ մեր մեղքով չէր, որ կորցրինք այդ անկախությունը: Այն կորցրինք մեր դարավոր թշնամու և դավադիր բոլշևիկյան Ռուսաստանի մեղքով, որը զինամթերք, հանդերձանք և ոսկի տրամադրեց թուրքերին՝ շարունակելու Հայոց ցեղասպանության գործը: Բայց հայ ժողովուրդը՝ իր «Սասնա ծռեր» էպոսի հերոսների նման, նորից ոտքի կանգնեց և ապացուցեց, որ չի կարելի ոչնչացնել մի ազգի, որն ուզում է ապրել ու հարատևել: Եվ եղավ առաջին հրաշքը՝ մենք դիմացանք և՛ Ցեղասպանությանը, և՛ Առաջին համաշխարհային պատերազմին, և՛ բոլշևիկյան հեղափոխությանը: 70 տարի անց հայ ժողովուրդը ստեղծեց այն հիմքը, այն արմատները գցեց, ինչը հնարավորություն տվեց 70 տարի անց փյունիկի նման վերածնվել: Եվ տեղի ունեցավ երկրորդ հրաշքը՝ ստեղծվեց հայոց երկրորդ անկախ պետականությունը, որն ապացուցեց աշխարհին, որ, ինչպես շատ դարեր առաջ, այսօր ևս հայ ժողովուրդը կարող է հաղթանակներ ունենալ: Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել թե՛ մայր Հայրենիքի, թե՛ Արցախի ազգային անկախությունը: Մեր պատմությունը հնարավորություն է տվել, որը մենք պետք է հասցնենք հաղթական ավարտին: