ՄԱՀԱԶԴ

ՄԱՀԱԶԴ

Բելգրադում, 72 տարեկան հասակում իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց սերբ ականավոր բանաստեղծուհի, թարգմանիչ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության Պատվավոր անդամ, հայ ժողովրդի ճշմարիտ բարեկամ Լյուբիցա Միլետիչը: Նրա հեղինակած բազմաթիվ գրքերից հիշատակության արժանի են «Թախիծ», «Ֆիսոնը ստվերոտ գետ է», «Շնչառություն եղեգնի վրա», «Քրիստոսը Կրեմլում», «Օրվա որդին. 7504.», «Արևելքի բարձունքից», «Բաբելոնյան գրառումներ», «Կոստանդինի խաչը», «Անհասանելի ձայն», ժողովածուները: Այս շարքում առանձնակի տեղ ունի ծայրեիծայր հայկականությամբ համակված «Արարատի հողմերը» բանաստեղծական ժողովածուն, որ թարգմանաբար հրատարակվել է Երևանում և Ստեփանակերտում: Բանաստեղծուհու ստեղծագործությունները ներկայացված են սերբական ու համաշխարհային տարբեր անթոլոգիաներում, թարգմանված շուրջ 20 լեզուներով: Արժանացել է հայրենական և համաշխարհային գրական հեղինակավոր մրցանակների և պարգևների, այդ թվում ՀԳՄ Գրական վաստակի համար մեդալի: Անբաղդատելի ջերմ սիրով էր կապված մեր ժողովրդին, խորքով ու լայնքով գիտեր մեր պատմությունն ու մշակույթը: Սերբ ընթերցողին լայնորեն հայտնի են իր «Հայացք Արարատին» և «Արարատ և Ղարաբաղ» սքանչելի ուղեգրությունները: Նրա թարգմանությամբ Սերբիայի հայ համայնքի մեկենասությամբ լույս է տեսել է 28 բանաստեղծների գործեր ամփոփող «Ժամանակակից հայ պոեզիա» անթոլոգիան, որի երկրորդ, լրացված հրատարակությունն էր պատրաստում, չհասցրեց երևի: Չհասցրեց բոլորովին վերջերս հրատարակված իր նոր թարգմանական գրքի (Գագիկ Դավթյան, «Վեճ Հոբի հետ») շնորհանդեսին մասնակցել, որին պատրաստվում էին հայ համայնքը և Սերբիայի գրողների միությունը: Լյուբիցա Միլետիչի պայծառ անունը ընդմիշտ կմնա հայ ժողովրդի նվիրյալ բարեկամների հիշատակի Ոսկե մատյանում:

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ

ՀԳՄ իր խորին ցավակցությունն է հայտնում սերբ բանաստեղծուհի, թարգմանիչ Լյուբիցա Միլետիչի հարազատներին՝ վերջինիս մահվան ցավալի առիթով․․․

Միլետիչը եղել է Արցախում, Հայաստանում, գրել է Հայաստանի մասին,թարգմանել է հայ գրողներին։

Մեր սիրելի սերբ քրոջ մահը ցավալի կորուստ է բոլորիս համար։ Մխիթարում ենք հարազատներին և սերբ գրողներին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ