ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 68-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, 1980 թվականից ՀԳՄ անդամ Ղուկաս Սիրունյանը:
Ղ. Սիրունյանը ծնվել է 1949 թվականին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1971 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է լրագրության բնագավառում` Աշտարակի շրջանային թերթ, «Գարուն» ամսագրի խմբագրություն, Մշակույթի հայկական ֆոնդ, Ռադիոհեռուստապետկոմ, «Ազատամարտ» շաբաթաթերթում: 1998-2010 թթ. եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության «Զինուժ» ծրագրի գլխավոր խմբագիրը: 2010-13 թթ. ԼՂՀ Քաշաթաղի շրջանում զբաղվել է ուսուցչությամբ։ 2014-ից Հայաստանի գրողների միության գործադիր տնօրենն էր:
Հեղինակ է մեծերի և մանուկների համար գրված երկու տասնյակից ավելի չափածո և արձակ գրքերի: Այդ թվում`«Իրիկուն բարի, դարձիր առավոտ» /1977/, «Մայրամե» /1984/, «Տապանի վրա» /1996/, «Գլոբուսով ճուտիկը» /2006/, «Իմ թվերը» /2013/, «Կակտուսի սերը» (մանկական պատմվածքներ) /2013/, «Ուշացած կապիկներ» /2007/, «Պիղատոսի արցունքները» /2014/, «Բաց արեք, ես եմ» /2016/, որոնք ջերմ ընդունելություն են գտել ընթերցողների ու մասնագետների կողմից, թարգմանվել մի շարք լեզուներով: Գրել է նաև կինոսցենարներ:
Ղ.Սիրունյանի մանկական երկու գրքերը` «Աստղածաղիկ» /1988/ և «Տառափնջիկ» /2011/, արժանացել են ՀԳՄ «Տարվա լավագույն գիրք» մրցանակի, իսկ 2007 թ. «Ուշացած կապիկներ» վեպին շնորհվել է Ռուսահայերի միության կողմից սահմանված գրական մրցանակ:
Իր գրական ծանրակշիռ վաստակի համար Ղուկաս Սիրունյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալով, իսկ «Բաց արեք, ես եմ» (2016) ժողովածուն արժանացել է ՀՀ նախագահի գրական մրցանակին:
Տաղանդավոր, սիրված բանաստեղծի, գրական կյանքի հմուտ կազմակերպչի, սրտացավ ընկերոջ, հայրենասեր հայի` Ղուկաս Սիրունյանի հիշատակը մշտապես վառ կմնա բազմաթիվ ընթերցողների, նրա արվեստը գնահատողների, գրչընկերների, մտերիմների ու հարազատների սրտերում:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, հուլիսի 3-ին ժամը 18.00-ից։ Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 4-ին, ժամը 12.00-14.00-ին, ՀԳՄ-ում։ Հուղարկավորությունը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում։

Հայաստանի գրողների միության վարչություն