Ձեռքը պահած գրականության զարկերակին

Ձեռքը պահած գրականության զարկերակին
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում երեկ կազմակերպվել էր հուշ—ցերեկույթ, նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան հայ նոր գրականության բաժնի երկարամյա վարիչ Սերգեյ Սարինյանի հիշատակին։ Նույն օրը տեղի ունեցավ նաեւ գիտնականի «Հայոց գրականության երկու դարը» բազմահատորյակի 7-րդ հատորի շնորհանդեսը։
Հայ գրականության ընթացքը քննող 93-ամյա Սարինյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանի խոսքերով, մինչեւ վերջին օրը չէր կարող պատկերացնել, որ շարքի հերթական հատորը կարող է լույս տեսնել իր ակնկալածից շուտ, եւ որ գրքում տեղ չեն գտնի այն հոդվածներն ու մանրակերտները, որոնք ձեւ էին այն առնում նրա գրչի տակ. «Դժբախտաբար սակայն այդպես եղավ, որովհետեւ յուրաքանչյուր հատորն ամբողջանում էր նախորդ հատորից հետո գրված հոդվածների եւ րապարակումների ի մի բերմամբ մի գրքով։ Այս հատորը՝ նախորդների նման ամբողջանալու համար դեռ պետք է համալրվեր նորանոր գործերով, որը, սակայն, տեղի չունեցավ գիտնականի մահվան պատճառով»։ Մեկը մյուսին հաջորդող հատորները, ըստ Դեւրիկյանի, Սարինյանը կազմում էր ոչ թե քննարկված հարցերի ժամանակային մեխանիկական ընթացքով կամ թեմատիկ դասակարգմամբ, այլ ասելիքի ներքին տրամաբանությամբ, որով իրար էին հաջորդում Գրիգոր Նարեկացին եւ Պարույր Սեւակը, միջնադարի պատմիչներն ու մերօրյա պատմավիպասանները։ Նախորդ գրքերի րամաբնությունը պահելով, վերջին տարիների հրապարակումները ի մի բերելով, այս հատորը տպագրել է գրականագետի դուստրը՝ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մանե Սարինյանը։ «Ինչպես նախորդ վեց գրքերի, այնպես էլ այս գրքի դեպքում ապշեցնում եւ հիացնում է Սարինյանի ոչ միայն գրածը, այլեւ անգամ կարդացածը՝ ծավալով եւ թեմատիկ ընդգրկմամբ՝ դասականներից մինչեւ այսօրվա հեղինակները»,–ասաց Վ. Դեւրիկյանը՝ հավելելով, որ հատորը եզրափակվում է Սարինյանի վերջին տարիների մի քանի հարցազրույցներով, որոնք ապշեցնում են մտքի խորաթափանցությամբ եւ այսօրվա կյանքի երեւույթները զգալու զարմանալի ունակությամբ։ Ակադեմիկոս Սարինյանն ապրեց՝ հայացքը հառած դեպ դարերի խորքը եւ ձեռքը պահած այսօրվա գրականության զարկերակին։
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ասաց, որ Ս. Սարինյանի հետ շփվելիս նրա մեջ տեսել է մի հոգատար մտավորականի, ով պարտաճանաչ ու լրջորեն անդրադարձել է հայ գրականագիտությանը հուզող ամենատարրական խնդիրներին։ «Նա չէր մոռանում ոչ մի գրողի։ Հայրենասեր քաղաքացին իր մասնակցությունը բերեց նաեւ ղարաբաղյան շարժմանը։ Ամեն հանդիպում սկսվում էր ղարաբաղյան խնդիրների շուրջ զրույցով։ Մտահոգվում էր, հարցնում՝ ինչպես է վիճակը, ինչ կլինի ապագան», – վերհիշեց Սուվարյանը։ Նա նաեւ մեծ աշխատանք համարեց գրականության ինստիտուտի այս նախաձեռնությունը՝ գիրքը պատկառելի աշխատություն համարելով։
Վերնագիրն արդեն լիովին արտահայտում է գրքի բովանդակությունը, նկատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը։ Նա ասաց, որ Սերգեյ Սարինյանը 19-20-րդ դարերի հայ գրականության բացառիկ գիտակ էր, ով իր տեսական հոդվածներով նպաստեց այդ ժամանակաշրջանի գրականագիտության զարգացմանը. «Գրքում ամենահետաքրքիրն այն է, որ նա խոսում է անգամ գրականության փիլիսոփայական մեթոդի մասին եւ համեստորեն նշում, որ դրա ներկայացուցիչն է եղել նաեւ ինքը։ Իսկապես գրականագիտության փիլիսոփա էր։ Ես շնորհակալ եմ նրան, որ գրականագիտությունը ներկայացրեց որպես առանձին գիտաճյուղ»։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքերով՝ շատ գրականագետներ խուսափում են ժամանակակից գրականության մասին արտահայտել կարծիքներ ու քննադատական մոտեցում։ Սարինյանի պարագայում խիզախումը մեծ էր. «Երբ կապ ունես գրականության «ճակատագրի» հետ, չես կարող բաժանել դասականն ու ժամանակակիցը։ Գրականության նկատմամբ ունենում ես համահավաք հայացք։ Այդպիսի հայացքի տեր մտավորական էր նաեւ Սերգեյ Սարինյանը»։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ