ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ /ՀՐԱՉՕ/

ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ /ՀՐԱՉՕ/

Կյանքի 80-րդ տարում իր մահկանացուն կնքեց անվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը:
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937թ. ապրիլի 1-ին, Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում /այժմ ՀՀ Լոռու մարզ/: Ավարտել է Երևանի պրոֆտեխնիկական 3-րդ ուսումնարանը` ստանալով գրաշար-լինոտիպիստի մասնագիտություն: Ավարտել է նաև Երևանի Պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է թիվ 2-րդ տպարանում, Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում, ,,Ավանգարդ,, , ,,Հայրենիքի ձայն,, , ,,Հայաստան,, թերթերի խմբագրություններում: ՀԳՄ անդամ է 1985 թվականից, միաժամանակ անդամ էր Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և ժուռնալիստների միության: Հրաչյա Մաթևոսյանը շուրջ 20 գրքի հեղինակ էր` ,,Մոլորյալ ժամ,, /1999/, ,,Խաչքար Հայաստան,, /2002/, ,,Պինդ կացեք,, /2003/, ,,Սիրով,, /2003/, ,,Հայրենանկար,, /2007/ և այլն: Նրա բազմաթիվ ակնարկները, հոդվածները, հարցազրույցները, պատմվածքները տպագրվել են հանրապետական մամուլում և գրական հանդեսներում, մեծ ընդունելություն գտնելով ոչ միայն ընթերցողների, այլև գրականագետների ու քննադատների կողմից: Գրում էր նաև մանուկների համար: Նրա շատ ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով:
,,Հացը հացարարին,, գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան, ,,Հայրենանկար,, գիրքը ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակների: Երկու անգամ` 1993 և 2003 թվականներին` ,,Ցավի ծաղիկ,, ակնարկաշարի և ,,Հրանտ կամ դառնամուխ կյանք,, գրքի համար արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի: Հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար պարգևատրվել է ,,Հայոս-Քարթլոս,, արծաթե մեդալով, ՀՀ մշակոյթի ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով և այլն:
Հայրենիքի ճակատագրով մտահոգ Հրաչյա Մաթևոսյան մարդու, գրողի, հրապարակախոսի ստեղծագործությունները դեռ երկար հայրենասիրության և նվիրումի ազդակներ կհաղորդեն նաև գալիք սերունդներին:

Հոգեհանգիստը՝ հուլիսի 2-ին, ժամը 18-20.00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ հուլիսի 3-ին, ժամը 12-14.00-ը, Հայաստանի գրողների միությունից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ