ՀԳՄ և «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը:

Դեկտեմբերի 25-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ և «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը: 2018թվականն ամփոփվեց տարվա ընթացքում գրական մրցանակաբաշխությունների մասին տեղեկատվությամբ, ըստ որի 2018թ.-ի ընթացքում հրապարակվել , ամփոփվել և դեռ կամփոփվեն 11 մրցանակաբաշխություն, այդ թվում նաև 2018 թ. առաջին անգամ հրապարակված Ռուբեն Հովսեփյանի անվան, ԵԿՄ-ի և ՀԳՄ-ի հետ համատեղ՝ Վազգեն Սարգսյանի անվան, ՀԳՄ-ի և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ համատեղ երիտասարդ գրականագետների՝ ժամանակակից գրականության վերաբերյալ աշխատությունների համար մրցանակաբաշխությունները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց ամերիկահայ բարերարներ՝ գրող Հրանտ Սիմոնյանին և բանաստեղծ Նաթելլա Լալաբեկյանին, ապա հանձնեց մրցանակները: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցան մրցանակակիրները: Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանը ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության և ՀԳՄ-ի վերջին տարիների համագործակցության մասին տեղեկությամբ, գնահատեց դրական մի շարք նախագծեր և քննադատեց 2016 թ.-ից սկսած՝ նախորդ նախարարի օրոք գրական և գրահրատարակչական դաշտի հանդեպ խիստ խոտոր քաղաքականությունը, ինչի հետևանքով, մասնավորապես, գլխատվեց ժամանակակից գրողներին աջակցության ծրագիրը, լուծարվեց գրքի և հրատարակչական գործի կենտրոնը, վերացավ «Գրական տապան» փառատոնը և այլն: Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ վերջին ամիսներին որոշակի դրական քայլեր ձեռնարկվեցին. Մշակույթի նախարարությունը մրցանակաբաշխություններ հայտարարեց ժամանակակից գրողների համար: Սակայն դա շատ փոքր մխիթարիչ քայլ է այն բացասական դաշտում, որ ձևավորվեց վերջին տարիներին: «Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անորոշության են մատնված մանկապատանեկան մամուլի աջակցության ծրագրերը: Վստահություն չկա, որ միացյալ նախարարության կազմում կարող է նույն վերաբերմունքի չարժանանալ գրական և մշակութային մամուլը՝ վտանգելով առհասարակ ընթերցասիրությունը: Թղթային մամուլի հանդեպ անհասկանալի հարձակում»,- ասաց նա և հավելեց, որ երեխաներին միայն էլեկտրոնային հարթակ մղելը հղի է արդեն հայտնի հիվանդագին երևույթներով: Մշակույթի նախարարության վերակազմակերպման առնչությամբ ներկաներն արտահայտեցին իրենց անհանգստությունը՝ մասնավորապես նշելով, որ առանց քաղաքականության մշակման ո՛չ լուծարելն է ճիշտ, ո՛չ վերակազմակերպելը: Այդ իսկ պատճառով առաջարկվեց խորապես քննարկել այդ հարցը շահագրգիռ անձանց, մասնագետների հետ՝ ներառելով հասարակական կազմակերպություններին: Ամփոփելով խոսքը՝ ՀԳՄ նախագահը շնորհավորեց գրողներին, լրագրողներին՝ գալիք Ամանորի առիթով, մաղթելով երջանկություն, հույս, հավատ, սեր՝ նոր գործեր ձեռնարկելիս…