ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, պատմաբան ՀՈՎՀԱՆՆԵՍԶԱՏԻԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, պատմաբան
ՀՈՎՀԱՆՆԵՍԶԱՏԻԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ

Պարոն Յովհաննէս Զատիկեանը Խաչատուր Աբովեանի անկեղծ ու արժանի «հոգեւոր ժառանգորդը» եղած է: Սուսիկ-փուսիկ, հայրենասիրական տարրական պարտականութիւնը խոնարհաբար կատարեց «Վէրք Հայաստանի»-ի ձեռագիրը ընթերցողներու հասարակութեանը մատչելի դարձնելով: Նոյնիսկ մեր օրերուն, Խաչատուր Աբովեանի օրինակի հիման վրայ, սա արդէն խաւարամտութեան դէմ իսկական պայքար էր:
Ի հարկէ, այսպիսի հրատարակութիւն մը պէտք է որակել «Անգիտաց անպէտ»:
Միմիայն տոտալիտար տգէտները կարող են գրականութիւնը, պատմութիւնը… և քաղաքականութիւնը խառնել, ազգային մշակոյթը պաշտպանելու տեղ՝ մեր Յովհաննէսը ապրած կենայ, ճամփան միշտ ջուրի պէս ըլլայ… Շնորհակալ ենք, երախտապարտ ենք Յովհաննէսին:
Լեւոն ՓԵԹԷԵԱՆ
Փարիզ

Հովհաննեսին գիտեմ 20-րդ դարի 60-ական թվականներից (ի՜նչ «պատմական» հեռավորություն), երբ դեռ մանկավարժականի ուսանող էր և պատրաստվում էր պատմաբան դառնալ: Դարձավ: Հետաքրքրությունների ոլորտը 19-20-րդ դարերն են` հայոց պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը, և եթե ընդունենք, որ թեման սպառված չէ բնավ, ապա պիտի ընդունենք նաև, որ Հովհաննեսի հինգ աշխատությունները (չթվարկեմ) գալիս են շահեկանորեն լրացնելու ժամանակաշրջանին վերաբերող պատմագիտական գրքերի բավական ստվար շարքը:
Չգիտեմ, չեմ էլ հարցրել` երբ է սկսել գրել, բայց կարող եմ վստահորեն ասել, որ գրողը նրա մեջ լիարժեք խոսեց այն ժամանակ, երբ արդեն խոսել էր պատմաբանը:
Պապենական արմատներով` էրզրումցի, Հովհաննեսը չէր կարող չգնալ ու գնում է էրգիր` ըմբոստ, պատվասեր, հպարտ մարդկանց աշխարհը, բայց նաև այստեղ է` այս երկրում, ուր ինքն է, իր կյանքը, նաև ուրիշների կյանքը` այլևս գրի առնված, ուրեմն` այլևս անկորնչելի: Կարդացեք նրա «Թեմուրնոց» պատմվածքը, և ձեր առջև կհառնի մի ժամանակ հայտնի, հիմա, ավա՜ղ, այլևս գոյություն չունեցող այդ գարեջրատունը, որ իր սերնդի ջահել բանաստեղծների, գրողների, նկարիչների, պարզապես երազողների հավաքատեղին էր, և դուք կտեսնեք մի գավաթ գարեջրի շուրջ տաք-տաք վիճող, կռվող ու հաշտվող մտերիմ մարդկանց, որ հետո երևելի դեմքեր դարձան` Արմեն Մարտիրոսյան, Վաչե Սաֆարյան, Լյուդվիգ Դուրյան, Զավեն Ավետիսյան, Հակոբ Մարտունի, էլի Հակոբ, բայց Սողոմոնյան, և էլի ուրիշներ: Թեմուրնոցը Երևանի գույներից էր, հիմա հիշողությունների մեջ էլ է խամրում, բայց ահա վերակենդանացած տեսանք պատմվածքով:Ի՜նչ գորովանքով է խոսում իր Արևհատ մայրիկի մասին, որ, հազա՜ր օղորմի, արդեն չկա, Շիրակի Վարդաքար գյուղի մասին, որ իր ծննդավայրն է: Ի՜նչ տաք բռնկում է ապրում, որ վերանվանելիս չվերականգնեցին նրա հին անունը` Բագին, և եկեղեցին էլ իր հին անունով չկոչեցին` Սուրբ Աստվածածին: Այստեղ` Երևանում, իր բնակարանն է, այսպես ասած` «կվարտիրան», իսկ գյուղում իր տունն է` հայրական տունը, ուր մտադիր է երբևէ վերադառնալ մեկընդմիշտ: Հիշեցի ֆիզիկայի օրենքը երկու հաղորդակից անոթների մասին: Հովհաննեսի դեպքում այդ անոթներից մեկը պատմությունն է, մյուսը` գրականությունը: Եվ քանի որ ես պատիվ ունեմ լինելու իր գրչակից ընկերը, ապա նժարը նախանձախնդրորեն դեպի գրականությունն եմ թեքում և ասում, որ նա նախ և առաջ գրող է: Հովհաննեսն էլ, ուրեմն, դարձավ 70 տարեկան: Ես նրան այդքան չէի տա, շա՜տ-շատ` 69-ը: Ու եթե սա համարենք կատակ, ապա միանգամայն լրջորեն ասեմ, որ Հովհաննեսի մեջ շատ բան չի փոխվել տարիների հետ` նույն ձիգ, երկար հասակը, նույն հաստատակամ քայլվածքը` գլուխը բարձր պահած, կարծես հեռվում ինչ-որ բան է տեսնում ուրիշների գլուխների վրայով, և, մանավանդ, նույն բնավորությունը` անհանգիստ, անընդհատ գործերի մեջ, ասես ինչ-որ տեղ շտապող, այս էլ ասեմ` էրզրումցու կողով նույն մարդը:
Միշտ այդպես տեսնենք քեզ, մեր տղա:
Նորայր ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Հովհաննես Զատիկյանին վաղուց չէ, որ ճանաչում եմ: Միայն վերջերս ծանոթացա, և արդեն բավական սերտ հարաբերություն հաստատեցինք: Նախ՝ աջակից եղավ ինձ իբր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն, հայթայթելով տեղեկություններ ու լուսանկարներ, որոնք օգտակար եղան ռումիներեն թարգմանածս «Վերք Հայաստանի» վեպը հրատարակելու համար: Այդ առիթով իմացա, որ Հ. Զատիկյանը մի պատմական վեպ է գրել Մոլդովայի հայազգի միջնադարյան իշխան՝ Յոան (Հովհաննես) Քաջի մասին: Այդ գիրքն էլ արդեն թարգմանել եմ ու հուսով եմ, որ շուտով լույս կտեսնե Աբովյանի վեպն ընծայող՝ Բուխարեստի «Արարատ» հրատարակչության հովանիին տակ: Վերջապես կարդացի Զատիկյանի արձակի երկու հատորյակներ՝ «Կնճռոտված գարնան ծիլերը» և «Անծուխ կրակներ», որով հայտնաբերեցի տաղանդավոր, ներշնչված ու զգայուն մի գրողի: Ուրեմն, այդպես՝ գրքերի միջոցով կարելի է ճանաչել մի մարդու: Այդ բախտառիթն ունենալով՝ ճանաչեցի Զատիկյանին, ու կարծես հնուց ծանոթներ ենք: Թարգմանածս ժամանակակից հայ գրողների մի ամբողջ սերունդ կորցնելուց հետո, ահա կարող եմ ասել, որ Զատիկյանի միջոցով մի նոր կապ եմ հաստատել հայ արդի գրականության հետ: Մաղթում եմ Զատիկյանին, որ միշտ աշխույժ ու գործունյա մնա ինչպես այժմ, զբաղված և օգտակար իր շուրջիններին, որոնք վայելեն իր ներկայությունն իբր հմուտ մտավորական:
Սարգիս ՍԵԼՅԱՆ
Սիդնեյ

Մի ժամանակ Գրողների միության ճաշարան էինք գալիս ոչ այնքան սնվելու, որքան զրուցելու համար: Եվ մեր ավագ, միջին սերնդի, երիտասարդ գրողները հանդիպում էին, խոսում և նոր գրքեր էին նվիրում իրար: Սեղանների շուրջ լինում էին նաև բուռն վեճեր: Մենք սիրում ենք պատմությունից խոսել: Ամեն մեկը պատմության մի դրվագ յուրովի էր վերլուծում, նոր անցքեր էր փնտրում՝ նորովի արժևորելու, նորովի բացահայտելու և գնահատելու համար: Մենք շա՛տ ենք սիրում մեր պատմությանը դասեր տալ` ինչպիսին կարող էր լինել, որ չեղավ: Այդ առումով, հիշարժան է Հովհաննես Զատիկյանի բուռն մասնակցությունը նման վեճերին: Լինելով պատմաբան, պատմությանը քաջածանոթ` նա, իհարկե, պաթոսով ներկայացնում էր և աշխատում էր ավելի օբյեկտիվ գնահատականներ տալ: Նրա պաթոսը հրապարակախոսական էր: Եվ դժվար էր ենթադրել, որ նա երկար կնստի և կգրի պատմական վեպեր: Տարիներ անց կարդացել եմ նրա վեպերից մի քանիսը և զգացել պատմության հանդեպ նրա քննական հայացքը: Պատմությունը ոչ այնքան գեղարվեստի, որքան այսօր մեզ հետ լինելու պայմանով էր դարձել արձակ: Հովհաննեսը նաև ժամանակակից անցուդարձերի վերաբերյալ ունի իր կրքոտ հրապարակախոսական վերաբերմունքը, և հաճախ ենք հանդիպում նրա հոդվածներին: Հիշարժան են նրա «Արքայից արքան հայոց», «Կարին», «Հովհաննես հայ թագավորը» վեպերը: Ուզում եմ առանձնապես նշել Հ. Զատիկյանի «Խ. Աբովյանի «անհայտ բացակայությունը»» աշխատությունը: Պատահական չէր, որ նա երկար տարիներ աշխատել է Խ. Աբովյանի տուն-թանգարանում՝ որպես տնօրեն: Աշխատանքային տարիներին նա կազմել է Աբովյանի մասին հոդվածների գիրք: Վերջին տարիներին հրատարակեց «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատությունը` 2013 թ.-ին, 2014-ին՝ «Հայկական հարց» ժողովածուն: Նրան նայելիս թվում է` պատմության մեջ եղած մի զինվոր է, որ ազատ պահ է գտել՝ հայտնվելու մեր կյանքի մեջ, և քայլում է մեզ հետ ապագա մտնելու քաջակորով խրոխտությամբ` առատ մազափունջը ճակատին:
Ցանկանանք Հովհաննեսին՝ մի ձեռքին գրիչ, մյուս ձեռքին՝ զենք՝ ծառայելու պատմությանը, հայագիտությանը և գրականությանը:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ