ՀԳՄ վարչության կոչը

ՀԳՄ վարչության կոչը

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ՈԳԻՆ Է»

Հայ ժողովրդի ինքնության ու միասնության ապահովման գործում դարեր ի վեր անփոխարինելի է եղել մշակույթի ու գրականության դերը: Բազմիցս դա տեսանելիորեն ապացուցված է ու հաստատված: Բայց ակնհայտ է և դառը այն իրողությունը, որ հայ գրականությունը գրեթե մշտապես դժվարություններ է կրել, գրողը չի կարողացել լիովին նվիրվել ստեղծագործական աշխատանքին ու լիարժեք դրսևորել իր տաղանդը: Ասել է թե՝ գրականությունը միշտ էլ օգնության ու օժանդակության կարիք է զգացել:
Այս մտահոգությունը, հավանաբար, ուղեկցում է փոքրաթիվ բոլոր ազգերին, քանզի փոքր է ընթերցողական լսարանը, սահմանափակ՝ գրքի շուկան: Դեռ հեռավոր 1911 թվականին Հովհաննես Թումանյանը դառնությամբ, բայց նաև հասարակության, մեծահարուստների ուշադրությունը գրավելու ակնկալիքով գրում-հիշեցնում էր. «Փոքր ազգերի մեջ գրականությունը միշտ էլ պահվում է անհատի, հասարակության և պետության արտաքին միջամտությամբ ու օժանդակությամբ»: Նման օժանդակություն և՛ Թումանյանի ժամանակ, և՛ հետագայում բարեբախտաբար, այս կամ այն չափով եղել է. մենք այսօր սիրով ու խոնարհումով ենք հիշում մշակույթի ու գրականության հանդեպ առանձնահատուկ հոգածություն դրսևորած մեծ բարերարներ Ալեքսանդր Մանթաշյանցին, Գալուստ Գյուլբենկյանին, Ալեք Մանուկյանին, առանց որոնց ազգանվեր պահվածքի գուցե այսօր չէինք ունենա հայ դասական գրականության մնայուն մի շարք արժեքներ: Անշուշտ, արժանին ենք մատուցում նաև մեր ժամանակների մեկենասներ, գրականության ու մշակույթի իսկական բարեկամներ Քըրք Քըրքորյանին, Վահագն Հովնանյանին, Սամվել Կարապետյանին, Լուիզ-Սիմոն Մանուկյանին, Արա Աբրահամյանին, Օքրո Օքրոյանին, Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններին և ուրիշների:
Ավաղ, մեր օրերում էլ, հատկապես հետխորհրդային տարիների բերած հասարակական, սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական կտրուկ փոփոխություններով պայմանավորված, հայ գրողն ու գրականությունը դարձյալ լուրջ դժվարությունների մեջ հայտնվեցին, և ժամանակի թելադրանքով էր, որ ստեղծվեց «Համահայկական գրական հիմնադրամը»: Անցած 10 տարիների ընթացքում այն, հատկապես հեռուստամարաթոնների միջոցով հանգանակված գումարներով (2003, 2007, 2011թթ.) կարողացել է նպաստել Երևանի համայնքների և մարզերի գրական կյանքի աշխուժացմանը, գրական մամուլի կայունացմանը, ինչ-որ չափով օժանդակել գրողների սոցիալական հարցերի լուծմանը (հիմադրամի ծախսերի, հատկացումների հաշվետվությունը պարբերաբառ տպագրվել է «Գրական թերթում»):
Եվ, ահա, տևական ընդմիջումից հետո, հիմնադրամը, անհրաժեշտության թելադրանքով, նոր մարաթոն է նախաձեռնել, որը կհեռարձակվի Հ2 հեռուստատեսությամբ ս/թ մարտի 21-ին: Շնորհակալությամբ հիշելով նախորդ հանգանակությունների ժամանակ սրտացավ վերաբերմունք դրսևորած բոլո՜ր նվիրատուներին, անկախ գումարի չափից, այս անգամ ևս նույնպիսի ակտիվություն ենք ակնկալում անհատներից, գործարարներից, հիմնարկ-ձեռնարկություններից, հասարակական և այլ կազմակերպություններից: Անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում գրական մեր կազմակերպությունը գեղեցիկ ու հեռագնա մի շարք ծրագրեր ունի իրականացնելու թե՛ Հայաստան-Արցախ-Սփյուռք գրական կապերի ամրապնդման, թե՛ թարգմանական գրականության խթանման ու գրահրատարակչական խնդիրների լուծման ուղղությամբ:
Հեռուստամարաթոնի ամենաակտիվ մասնակիցներին կշնորհվի «Գրական բարերար» դիպլոմ, զգալի գումար փոխանցողների անունները տեղ կգտնեն գրողների միության շենքի «Պատվո բարերար» վահանակի վրա:
«Անպատճա՛ռ պետք է լինի այդ համազգային հոգացողությունը,- եթե ճշմարիտ է, որ ամբոխներն ու ժողովուրդները գրականությամբ են ազգ դառնում ու մտնում կուլտուրական ազգերի շարքը, եթե գրականությունը ազգի հոգին է, եթե նրա փառքն ու պարծանքն է, ինչպես հայտնի է լուսավոր աշխարհքներում ամեն օր»:
Սրանք ևս ամենայն հայոց բանաստեղծի խոսքերն են, սիրելի բարեկամներ: Անսանք մեծն Թումանյանի՝ ժամանակի միջով մեզ ուղղված հորդորին և յուրաքանչյուրս մեր հնարավորության չափով սատար լինենք հայ գրականությանը՝ ի շահ ազգային մեր ոգու ամրացման ու ինքնության պահպանման:

Հայ ժողովրդի ինքնության և միասնության հիմքում դարեր ի վեր դրված է մշակույթի ու գրականության հիմնաքարը:
Հայաստանի գրողների միությունը Հ2 հեռուստաալիքով այս տարվա մարտի 21-ին կազմակերպելու է հեռուստամարաթոն «Գրականությունը ազգի ոգին է» նշանաբանով: Մարաթոնի արդյունքում կուտակված գումարը ՀԳՄ «Համահայկական գրական հիմնադրամը» կուղղի Հայաստան-Արցախ-Սփյուռք գրական ծրագրերի իրագործմանը, գրողների ստեղծագործությունների հրատարակմանը:
Ակնկալում ենք Ձեր օժանդակությունը Համահայկական գրական հիմնադրամին:

Հ.Գ. ՀԳՄ նախագահության որոշմամբ, հեռուստամարաթոնի լավագույն մասնակիցներին կշնորհվի «Գրական բարերար» դիպլոմ, իսկ զգալի գումար փոխանցողների անունները տեղ կգտնեն մեր շենքի «Պատվո բարերար» վահանակի վրա:

Մեր հաշվեհամարն է՝

Հ/կոդ 00250587
AMD 11800121950000
USD 11800221950900
EUR 11800321950800
RUR 11800421950700

Անելիք բանկ ՓԲԸ
Համահայկական գրական հիմնադրամ

Հայաստանի գրողների միության նախագահ՝ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ