ՀԳՄ անդամակցությունը նախևառաջ աշխատանք է

ՀԳՄ անդամակցությունը նախևառաջ աշխատանք է
(Պատասխանում է ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը)
– Այս տարի հայտարարվել է ընդունելություն Հայաստանի գրողների միության մեջ: Այդ կապակցությամբ շատերն են դիմում նաև խմբագրությանը՝ որոշ հարցերի պարզաբանման խնդրանքով: Մենք ուզում ենք դրանցից մի քանիսը փոխանցել Ձեզ: Թերևս, սկսենք նրանից, թե ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը:
Պետրոս Դեմիրճյան – Նախ և առաջ դա, իհարկե, բնական ընթացք է: Վերջին ընդունելությունը եղել էր 2013 թվականին, երեք տարի է անցել, կյանքն իր պահանջներն է թելադրում, մի կողմից՝ մեր շարքերում ունեցել ենք ցավալի կորուստներ, մյուս կողմից՝ գալիս է նոր սերունդ, որն իր հաստատուն քայլերով անդամակցության լուրջ հայտ է ներկայացնում: Բնականաբար, ինչպես միշտ է եղել, միությունը պետք է պարբերաբար թարմացնի, համալրի իր շարքերը:

– Ընդունելության հայտարարության մեջ՝ բացի հրատարակված գրքերից, երաշխավորագրերից, հայցվորներին ներկայացվող պարտադիր պայմաններից մեկն էլ այդ գրքերի վերաբերյալ մամուլում տպագրված կարծիքների, գրախոսականների առկայությունն է, ինչը նախկինում կարծես թե չի եղել:
Պ. Դ. – Ճիշտ է, չի եղել, բայց, կարծում եմ, անհրաժեշտ է, քանի որ մինչև Գրողների միության անդամ դառնալը գրողը (անկախ տարիքից, բնակության վայրից) պետք է «նկատված» լինի գրական միջավայրում: Ընդ որում՝ շատ կարևոր է, թե ով կամ ովքեր են ուշադրության արժանացրել նրա գիրքը կամ գրքերը, ինչ գնահատականներ են տրվել: Համաձայնեք, որ դա մեծապես կօգնի ընդունելության հարցում ճիշտ կողմնորոշվելու, խուսափելու կամայական, սուբյեկտիվ որոշումներից:

– Փոփոխություններ կա՞ն, արդյոք, ընդունելության կարգի մեջ:
Պ. Դ. – Ընդունելության կարգը նույնն է. ինչպես միշտ, հայցվորը պետք է հաղթահարի նախ ՀԳՄ համապատասխան ժանրային (պոեզիա, արձակ և այլն) բաժանմունքում քննարկման, ապա ընդունող հանձնաժողովի փակ-գաղտնի քվեարկության փուլերը, որից հետո հանձնաժողովի որոշումները հաստատվում են ՀԳՄ նախագահության կողմից:
– Հարցերի մի մասն էլ առնչվում է Գրողների միության անդամի իրավունքներին ու պարտականություններին, ինչից կարելի է հետևցնել, որ ոմանք հստակ պատկերացում չունեն դրանց մասին:
Պ. Դ. – Շատ ճիշտ հարցադրում է: Երբեմն այդպիսիներին թվում է, թե Գրողների միությունը ստեղծված է միայն իրենց իրավունքները պաշտպանելու, սոցիալական և այլ կենսական խնդիրներում օգնելու համար, բացարձակապես մոռանալով իրենց պարտականությունների մասին: Նմաններին ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ Գրողների միության անդամը պարտավոր է կանոնավորապես մասնակցել միության աշխատանքներին, որոշակի տարեկան ծրագրերով իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին՝ հոբելյանական հանդիսություններից մինչև զանազան հանդիպումներ ու քննարկումներ: Գաղտնիք չէ, որ համագումարների ժամանակ շատերը պարզապես ջանք ու եռանդ չեն խնայում միության վարչության կամ նախագահության կազմում ընդգրկվելու համար՝ դա համարելով սոսկ իրենց գնահատվածության ու պատվի նշան: Բայց չէ՞ որ վարչության կամ նախագահության անդամը նախևառաջ աշխատանք է՝ ուղղված գրական կյանքում ծագող խնդիրների քննությանն ու լուծմանը, մեր ընդհանուր գրական կյանքի բարելավմանը:
Վերջապես, Գրողների միության անդամը պարտավոր է բարեխղճորեն մուծել իր տարեկան անդամավճարը, որն, ի դեպ, չնայած վերջին մեկ-երկու տասնամյակների բոլոր տեսակի դրամական արժեզրկումներին, չի փոխվել և ուղղվում է այն բոլոր նպատակներին, (այդ թվում նաև գրողների իրավունքների պաշտպանությանը, ստեղծագործական տների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությանը), որոնք ծրագրվում են Հայաստանի գրողների միության կողմից: Վերջին մեկ-երկու տարիներին «Գրական թերթում» տպագրվող հիշեցումները, իհարկե, տալիս են իրենց արդյունքը՝ ստեղծագործական բազմազբաղ կյանքով ապրող մի շարք գրողներ արդեն իսկ արձագանքել են այդ հիշեցումներին, մարել են տարիների իրենց պարտքերը: Սակայն ուզում եմ ընդգծել, որ այս հարցում այլևս մոտեցումը շատ խիստ է լինելու, ավելի ճիշտ՝ հենց ՀԳՄ կանոնադրության համապատասխան, ըստ որի՝ երկու տարի անընդմեջ անդամավճար չմուծելու դեպքում, նախագահության որոշմամբ, գրողը կարող է զրկվել ՀԳՄ անդամությունից:

– Ի՞նչ կմաղթեիք ՀԳՄ շարքերը համա­լրել ցանկացողներին:
Պ. Դ. – Նախ՝ լրջորեն և անաչառորեն կշռադատել իրենց որոշման անհրաժեշտությունը հենց իրե՛նց համար, տրամադրվել դժվարին ու քրտնաջան աշխատանքի և, իհարկե, շարունակել ստեղծագործել: